21:45 Թուրքական պետությունը 20-րդ դարասկզբին Ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. արգենտինական դատարան | |
Արգենտինական դատարանը բավարարել է արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը։Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Գրեգորիո Հայրապետյանը 11 տարի առաջ դիմել էր արգենտինական արդարադատությանը՝ իրավական դաշտում ապացուցելու համար, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Սվազում և Խարբերդում բնակվող իր ազգականների խեղված ճակատագրերի ողջ պատասխանատվությունը կրում է թուրքական պետությունը։Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, գործել է ցեղասպանություն»։«Չնայած արգենտինական դատարանի կայացրած որոշումը որևէ պատիժ չի նախատեսում Թուրքիայի համար, սակայն այն հնարավորություն է ընձեռում հայկական կազմակերպություններին միջազգային հարթակներում և դատարաններում այդ որոշումը որպես հիմք օգտագործել»,– գրում է «Հյուրրիյեթը»։Դատավոր Օյարբիդեն 2002թ. պաշտոնապես դիմել էր Թուրքիայի իշխանություններին՝ Հայրապետյանի ընտանիքի հետ կապված արխիվային փաստաթղթերը արգենտինական դատարանին փոխանցելու պահանջով։ Արգենտինացի դատավորը 1915-1923թթ. թուրքական պետություններում հայերի դեմ իրականացված ցեղասպանության առնչությամբ արխիվային փաստաթղթեր էր պահանջել նաև Անգլիայից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից և Վատիկանից։ Ողջ այդ փաստաթղթերը 11 տարի շարունակ ուսումնասիրելուց հետո դատարանը կայացրել էր իր որոշումը, որով ևս մեկ անգամ ապացուցվում է Թուրքիայի՝ ցեղասպան պետություն լինելու հանգամանքը։Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման համար մեծ նշանակություն են ունեցել Գերմանիայից ուղարկված այդ ժամանակաշրջանի հյուպատոսների և դեսպանների գաղտնի հեռագրերը, որոնցում նշվում է. «Այս ամենը միայն հայերի դեմ իրականացվող հանցագործություններ չեն։ Թուրքական պետությունը սիստեմատիկ կերպով իրականացնում է մի ծրագիր, որի նպատակը հայ ժողովրդին ոչնչացնելն է»։Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցը, արգենտինական դատարանի կայացրած որոշման համար մասնավորապես հիմք են ծառայել հենց գերմանացի դիվանագետների հեռագրերը։ Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |