Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.5.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 21 » ՀԱՐՎԱԾ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
10:32
ՀԱՐՎԱԾ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
 Իրավապահ մարմինների եւ դատական կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը բացելով մարտի 1-ի թեման, Սերժ Սարգսյանը թերեւս պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին, որի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ օրերս պատասխանել էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին:
 
Դալլաքյանը ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ նա ուզում էր այդպիսով իշխանություն ունենալ Սերժ Սարգսյանի վրա: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, թե միայն ուղեղում մտածելու համար անհրաժեշտ նյութի բացակայությունը կարող է մարդկանց ստիպել հայտարարելու, թե մարտի 1-ը միայն Քոչարյանին էր ձեռնտու:
 
Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր ոչ թե հերքել մարտի 1-ն իրեն ձեռնտու լինելու հանգամանքը, այլ պարզապես այդ շրջանակ ներառել նաեւ դրանից դուրս մնալ ցանկացող Սերժ Սարգսյանին: Դրանից մի քանի օր անց մարտի 1-ի թեմային անդրադառնալով եւ բացահայտումների նոր ալիքի ակնկալիք հայտնելով, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին փաստացի ցույց է տալիս, որ չի վախենում նրա մեղադրանքներից:
 
Ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանը հստակ ապացույցներ ունի, որ այդ օրը տեղի ունեցածի հարցում ինքը վճռորոշ մասնակցություն չի ունեցել, կամ էլ պարզապես նա քարոզչական մակարդակում պատասխանում է Քոչարյանին, ցույց տալու համար, որ վերջին խոսքն այդուհանդերձ իրենն է, ոչ թե Քոչարյանինը, իսկ իրական մակարդակում մարտի 1-ի բացահայտման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդ դեպքում կարող են շատ հարցեր առաջանալ նաեւ Սերժ Սարգսյանի ուղղությամբ:
 
Օրինակ, եթե անգամ պարզվի, որ նա այդ օրը ոչ մի առնչություն չի ունեցել իշխանության գործողությունների մշակմանը, ապա դա նրան կարծես թե միայն առերեւույթ է ազատում պատասխանատվությունից, քանի որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ իշխանության մեջ ամենեւին էլ պատահական մարդ չէր, այլ խորհրդարանական մեծամասնության ղեկավար եւ վարչապետ: Հետեւաբար, եթե նա գտներ, որ իշխանությունն ինչ որ բան սխալ է անում, պետք է փորձեր իշխանական իր լծակների, Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կանխել այդ սխալը: Իսկ այդ լծակները կարծես թե այդքան էլ քիչ չէին: Ու հարց կառաջանա, թե արդյոք նա փորձել է դրանք կիրառել մարտի 1-ը կանխելու համար:
 
Այդօրինակ հարցերը թերեւս տհաճ կլինեն Սերժ Սարգսյանի համար, ու հավանական է, որ նա իրականում շահագրգռված չէ մարտի 1-ի լիարժեք բացահայտմամբ, այլ ընդամենը ներկայում փորձում է այդ հարցն օգտագործել իր քաղաքական շահից ելնելով` մի կողմից հանրության եւ միջազգային կառույցների մոտ ընդդիմության հետ երկխոսության տպավորությունը պահպանելով, ինչի դեպքում ինքն ավելի է շահում, քան ընդդիմությունը, իսկ մյուս կողմից էլ իշխանական համակարգում ձեւավորելով Ռոբերտ Քոչարյանի վրա իշխանություն հաստատելու տպավորություն:
 
Տվյալ դեպքում, կարճաժամկետ առումով ընդդիմությանն էլ իրավիճակը ձեռնտու է, քանի որ Սերժ Սարգսյանի անդրադարձը մարտի 1-ի թեմային Հայ ազգային կոնգրեսը կարող է ներկայացնել որպես իր հանրահավաքային հզոր ալիքի ճնշման արդյունք: Իրավիճակը փոխելու հարցում թերեւս պետք է շահագրգռված լինի Քոչարյանը, որովհետեւ քաղաքական ծրագրերի եւ շահի տեսանկյունից նրա համար ստեղծվել է խիստ անբարենպաստ եւ նույնիսկ փակուղային մի վիճակ: Այլ հարց է, որ նա չունի այդպիսի ծրագրեր եւ նրա գլխավոր խնդիրն ընդամենն իր եւ իր սեփականության անձեռնմխելիության ապահովման հարցն է, ինչի համար նա կարող է համաձայնել դառնալ հրապարակային թիրախ, անվտանգության կուլիսային երաշխիքներ ստանալու դիմաց:
 
Այստեղ Քոչարյանի համար թերեւս խնդիրն այն է, որ թե Հայաստանում նկատելի է հրապարակի եւ կուլիսների տարբերության չեզոքացմանը, խաղաքարտերի բացմանը միտված գործընթաց, որտեղ առավել երաշխիքային են դառնում հրապարակային իրադարձությունները, որովհետեւ ներքաղաքական գործընթացներում կարծես թե զգալիորեն մեծացել է հասարակական կարծիքի դերը, ու կարծես թե իրավիճակը գնում է դեպի այն ուղղությամբ, որտեղ երաշխիքներ տալիս է միայն հասարակությունը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
lragir.am
Просмотров: 942 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: