20:43 Ալիկ Սերգեյիչը` հոգեբանի հայացքով | |
Ամենայն հայոց ոստիկանապետը վերջին շաբաթվա ընթացքում իր անձի շուրջ մեծ հետաքրքրություն է առաջ բերել: Նա իր էքսցենտրիկ դրսևորումներով բավական պոպուլյար է դարձել առաջին հերթին այն պատճառով, որ հասարակությունը ուղղակի պաշտում է շոուները: Համաձայնեք, որ գոնե մեկ ոլորտում ոստիկանապետին կարելի է համարել տաղանդավոր, քանի որ վերջինս առանց պրոդյուսերի և ստեղծագործական օժանդակ թիմի, բոլորովին միայնակ բեմադրեց և փայլուն կատարեց սեփական մոնոներկայացումը «Ոստիկանների մազին չկպնեք կամ վտանգավոր կանայք և անձնազոհ Սերգեյիչը» վերնագրով: Ոստիկանապետի վերոնշյալ վարքագիծը վերլուծելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ վերջինս բնավորությամբ պատկանում է Պավլովի անձի անհավասարակշիռ տեսակին: Այս մարդիկ աշխատունակ են, պատրաստ կտրուկ ռեակցիաների (մեր հերոսի դեպքում արագության վերաբերյալ կասկած լինել չի կարող): Սրանք յուրատեսակ տենդագին մարդկային տեսակներ են, իրենց լեզվով ասած` «ջիգյարով», ընդ որում այդ «ջիգյարը» դրսևորվում է վարքագծային բոլոր մոդելներում. սիրում են ջիգյարով, ծեծում են նույն ոգով, զվարճանում նույնպես պահպանելով «ջիգյարով» քեֆի բոլոր կանոնները, այդ են վկայում մի շարք ականատեսների տպավորությունները, որոնց ցնցել է միջոցառումներից մեկի ժամանակ Սերգեյիչի «դյուցազնական ու կրակոտ» պարը: Այս տիպին պատկանող մարդիկ չափազանց դժվարությամբ են պայքարում իրենց սեփական «եսի» դեմ և հեշտությամբ կարող են ընկնել զանազան կախվածությունների մեջ: Նրանք ունեն նաև հակահասարակական որակներ. մասնավորապես պայթունավտանգ են, բռնկուն, դյուրագրգիռ, անհամբեր: Նշենք նաև, որ հաճախ այդ որակները անարձագանք են մնում և համոզիչ չեն: Այս տեսակը իր որակներով մոտ է հոգեբանության մեջ հայտնի «հիստերոիդ» և «նարգիզային» տիպերին: Հիստերոիդի գլխավոր հատկանիշը էգոցենտրիզմն է: Չնայած որ այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում այնուամենայնիվ այս տեսակի ներկայացուցիչներ հանդիպում են նաև տղամարդկանց մոտ: Նրանք ունեն սեփական անձի հանդեպ անընդմեջ ուշադրության խրոնիկ ծարավ: Վերջիններս ահավոր դժվարությամբ են հանդուրժում, երբ իրենց ներկայությամբ գովաբանում են մեկ ուրիշին, անգամ եթե դա մտերիմ անձնավորություն է, հետևաբար կարելի է եզրահանգել, որ նրանց համար կենսականորեն կարևորագույն պահանջմունքը սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու մոլի ձգտումն է, իր անձի վերաբերյալ մշտապես հիացմունքի և դրվատանքի գրեթե փառաբանության հասնող խոսքեր լսելու պահանջմունքն է: Ասվածի վառ օրինակը «Ոստիկանության հիմնի» համար նկարահանած տեսահոլովակն է, որտեղ իր ողջ վեհությամբ մեր առջև է հառնում հանցագործների ահ ու սարսափ` քաջարի ոստիկանապետը: Հիստերոիդները մշտապես ցանկանում են լինել «խմբի ոգին» և ձգտում են լիդերության, սակայն նրանց հազվադեպ է հաջողվում համակարգված կազմակերպչական գործունեություն ծավալել, որի արդյունքում վերջիններս հաճախ իրական ֆիասկո են ապրում: Հոգեբանների պնդմամբ, ցանկացած մարդ պարտավոր է ընտրել իր խառնվածքին և բնավորությանը համապատասխան մասնագիտություն, այլապես հետագա մասնագիտական կյանքում անձը կարող է հոգեբանական լուրջ դեֆորմացիայի առջև կանգնել: Մեր իրականությունը տարեկան ունենում է այդպիսի մասնագիտահոգեբանական դեֆորմացիայի հազարավոր օրինակներ, որը ցավոք հաճախ դաս չի լինում հետագա սերունդների համար ձեռք բերել իր իրական կոչմանը համապատասխան մասնագիտություն: Հայ քաղաքական մտքի շատ ներկայացուցիչներ ևս այդ դեֆորմացիայի «զոհերն» են: Բազմապրոֆիլ իշխանավորների պակաս չունենք` բիզնեսմենից մինչև «գողական», դերասանից մինչև հիսունական, որոնք բոլորն էլ իրենց պարտքն են համարում քաղաքական գործչի դեր կատարելը: Ինչ վերաբերում է մեր ոստիկանամեծար հերոսին, ապա, ունենալով վարքային այնպիսի ստերեոտիպներ, ինչպիսիք են` ցուցադրական բնավորությունը, թատերականացված կամ չափազանցված զգացմունքների արտահայտումը, հաճախակի առկա մակերեսային «աֆեկտները», անընդհատ դյուրագրգռվածություն առաջացնող իրավիճակների որոնումը, ապա ցանկալի կլիներ, որ վերջինս ընտրեր բոլորովին այլ մասնագիտություն, մանավանդ որ երիտասարդ տարիներին նրա մոտ ճիշտ կողմնորոշվելու հաջող փորձեր են արձանագրվել, երբ վերջինս նախընտրել է ուսանել ԵՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում` նախընտրելով ակորդեոնիստի համեստ ապագան: Միայն այն, որ մի գեղեցիկ օր խոստումնալից երաժիշտը որոշեց դառնալ ոստիկան, արդեն հոգեբանական վերլուծության հարուստ նյութ է: Ո՞վ է այնպես վիրավորել գյուղից քաղաք եկած, կարմրաթուշ, երիտասարդ ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանին, որ նրան այդպես անհրաժեշտ է դարձել ուրիշների հանդեպ իշխանություն ունենալու զգացումը և սեփական ապահովության գիտակցությունը, պատմությունը լռում է: Բայց այն, որ ազատ արվեստագետ-հարսանքավորի կյանքը համազգեստի հետ փոխելը որոշակի դրամատիկ պատմություն ունի, հաստատ է: Եվ հիմա պարոն ոստիկանապետը կարող է յուրաքանչյուրի վրա ձայն-ձեռք-ոտք բարձրացնել (բնականաբար, բացի ղեկավարությունից) միայն ավելի ու ավելի է ոգևորում ու ինքնահաստատում հոգու թաքուն անկյուններում պատսպարած ակորդեոնիստին: Բայց նա, ով այդպես երկար եկել է դեպի գլխավոր ոստիկանի պաշտոնը, այսօր խիստ նյարդայնացած է նրանից, որ իր սեփական ենթակաները չեն ենթարկվում իրեն. տեղակալը բացահայտ հայտարարում է, որ պատրաստվում է գլխավոր ոստիկանապետ դառնալ, և անընդհատ լսում է շշուկներ իր պաշտոնազրկության մասին: Հուսահատության հասած «ջիգյարով» Ալիկ Սերգեյիչը չի դիմանում ճնշմանը և իր նյարդայնությունը թափում է կանանց ու ծերերի վրա, քանի որ հոգու խորքում նա քաղաք եկած անպաշտպան գյուղացին է, ով ուզում է կյանքում հաջողություն և քաղաքի գրանցում ունենալ: 1in.am
| |
|
Всего комментариев: 1 | ||||||
|