11:53 Բանակի ուժը միայն շատ զենք ունենալու մեջ չէ. Ռիչարդ Կիրակոսյան | |
Թեև Հայաստանի զինված ուժերն այսօր Հարավային Կովկասում ամենամարտունակն են, սակայն բանակի ուժը միայն մարտունակության և շատ զենք ունենալու մեջ չէ. կարևոր է ապահովել նաև բանակի կրթվածությունն ու կարգապահությունը: Հայաստանի բանակում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկմանն այսօր նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա` վերջին շրջանում բանակում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանությունները մտահոգվելու տեղիք են տալիս, հետևաբար պետք է անհանդուրժող լինել խախտումների նկատմամբ: «Կարգապահական կանոնագրքի ընդունումը չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, թե այն ինչպես է կյանքի կոչվելու»,- ընդգծեց Կիրակոսյանը: Նրա խոսքով` վերջին սպանությունների մասին գրելը և դրանց վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից մտահոգություն հայտնելը կարևոր էր, սակայն հաջորդ քայլը պետք է լինի կարգապահության պահպանումը: «Այն մարդիկ, ովքեր չպետք է լինեն Զինված ուժերում, չպետք է այնտեղ լինեն»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշեց, որ գնահատելի է ներկայիս պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների ծրագիրը: Կիրակոսյանի կարծիքով` Հայաստանն այլևս սպառող երկիր չէ. «Հայաստանը աշխարհում նպաստում է նաև անվտանգության ապահովմանը, մասնակցում է խաղաղապահ գործընթացներին»: Հետևաբար, ըստ բանախոսի, անհրաժեշտ է անհանդուրժող լինել Զինված ուժերում գրանցվող խախտումների նկատմամբ:
Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |