01:28 Թուրքիայում հայազգի երաժշտի երգերի տակ են նշել Նովրուզի տոնակատարությունը | |
Թուրքիայի տարբեր քաղաքաներում ապրող քրդերը մեծ շուքով են նշել Նովրուզի տոնակատարությունը, իսկ Դիարբեքիր քաղաքում տոնակատարությունը նշել է 500 հազար հոգի: Թուրքական Haurriyet-ի փոխանցմամբ` Նովրուզի տոնակատարությանը հանդես են եկել ելույթներով Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուակցության փոխնախագահ Գյուլթեքին Քշանաքը, քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» պլատֆորմի նախագահ Ահմեդ Թուրքը: Բանախոսները քննադատել են Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը քուրդ ժողովրդի նկատմամբ: Հարյուրհազարավոր հավաքվածները նշել են Նովրուզի տոնակատարությունը 2009-ին մահացած հայտնի հայազգի երաժիշտ Արամ Տիգրանի երգերի տակ: Այնուհետ տեղի է ունեցել «Ազատության երթ», որին մասնակցել է նաեւ Արամ Տիգրանի այրին` Սիրվարդ Մելիքյանը: Նշենք, որ 2009-ի օգոստոսի 8-ին մահացած Մերձավոր Արեւելքի սոխակ համարվող հայազգի Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։ Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր է թարգմանել ու երգել քրդերեն, եւ հակառակը։ Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։ NEWS.am | |
|
Всего комментариев: 0 | |