12:08 Թուրքիայում երկու ճանաչված լրագրողներ են կալանավորվել | |
Կիրակի օրը Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու ճանաչված լրագրողների` Նեդիմ Շեներին եւ Ահմեդ Շիքին: Նեդիմ Շեները Հրանտ Դինքի սպանության որոշ մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է, իսկ Ահմեթ Շիքը հեղինակել է «Էրգենեկոնի» մասին պատմող մի գիրք եւ արդեն իսկ այդ գրքի պատճառով դատական գործընթացների մեջ էր: Դատարանի առջեւ, որտեղ պետք է լուծվեր Շեներին եւ Շիքին կալանավորելու հարցը, բողոքի ակցիա են անցկացրել մի խումբ լրագրողներ, ովքեր փակել են նաեւ դատարանին հարակից փողոցը: Նրանք ձերբակալվել էին դեռ հինգշաբթի օրը: Թուրքիայի ոստիկանությունն այս ձերբակալություններն իրականացրել է «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ հետաքննության շրջանակներում, վկաներից մեկի ցուցմունքի հիման վրա: «Ասոշիեյթեդ պրես» գործակալության փոխանցմամբ, երկու լրագրողները մեղադրվում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով 2003 թվականին դավադրություն կազմակերպելու մեջ: Թուրքիայի դատախազությունը հադես է եկել կարճ հայտարարությամբ, որում նշվում է, որ լրագրողները իրենց հոդվածների եւ գործունեության համար չէ, որ կալանավորված են: Իշխանությունների քննադատները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրգենեկոնի գործը, բանտարկելու համար Էրդողանի ընդդիմախոսներին: Այս հարցի շուրջ խոսել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, նա մտահոգություն է հայտնել, որ լրագրողների ձերբակալությունները կարող են ստվեր գցել երկրի վարկի վրա, որ համարվում է ժողովրդավարության օրինակ Մերձավոր Արեւելքի երկրների համար: Թուրքիայում աճում է ճնշումը լրատվամիջոցների վրա: Թուրքիայի ժուռնալիստների միությունը հայտարարում է, որ հազարավոր լրագրողների դեմ դատական գործեր են հարուցվում, նրանցից 60-ը ներկայումս անազատության մեջ են իրենց հոդվածների պատճառով: Լրագրողների ձերբակալությունները, մի երկրում, որ ջանում է Եվրամիության անդամ դառնալ, հարուցել են եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունը: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այս դեպքերը բացասական ազդեցություն են թողնում ազատ մամուլի վրա եւ կոչ է արել վարչապետ Ռեջեփ էրդողանի կառավարությանը հարգել մամուլի ազատությունը: azatutyun.am | |
|
Всего комментариев: 0 | |