01:13 Թուրքական դատարանը մեղավոր ճանաչեց Օրհան Փամուկին | |
Թուրքական դատարանը անցած շաբաթավերջին մեղավոր ճանաչեց գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին` հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար։ Դատարանի որոշման համաձայն` աշխարհահռչակ գրողը «մեղադրանք է ներկայացրել ողջ թուրք ազգին» եւ «ոտնահարել է անհատի իրավունքները», ինչի համար պարտավոր է 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում վճարել, հաղորդում է «Բլումբերգ»-ը։ Փամուկի դեմ ազգայնականների հետապնդումները սկսվել էին 2005 թվականից, երբ գրողը շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր. - «Թուրքիայում 30 հազար քուրդ եւ մեկ միլիոն հայ է սպանվել, սակայն ես միակն եմ, ով համարձակվում է այդ մասին խոսել»։ Հայտարարությունն անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում, շատերը գրողին «դավաճան» պիտակն էին տվել, ազգայնականները երթ էին անցկացրել` հորդորելով այրել նրա գրքերը, իսկ Իրավաբանների միության նախկին նախագահ, ծայրահեղ ազգայնական Քեմալ Քերինչսիզը դատական հայց էր ներկայացրել` «թուրք ժողովրդի ինքնությունը վիրավորելու» համար։ Հայցին միացել էին նաեւ Թուրքիայի չորս քաղաքացիներ` սպանված զինվորների հարազատների անունից։ Ստամբուլի դատարանը հրաժարվել էր քննություն իրականացնել` պատճառաբանելով, թե «հայցվորները լոկ անհատներ են, եւ դժվար է ասել, որ այս դեպքում նրանց իրավունքները ոտնահարվել են»։ Ազգայնականները, սակայն, բողոքարկել էին այդ որոշումը` ի վերջո դատարանի առջեւ կանգնեցնելով աշխարհահռչակ գրողին։ Ի դեպ, հայցի հեղինակ Քեմալ Քերինչսիզը, ում նախաձեռնությամբ նախկինում դատապարտվել էին նաեւ Հրանտ Դինքն ու Էլիֆ Շաֆաքը, ներկայումս ազատազրկված է։ Իրավապահները պնդում են, թե նա անդամակցել է էրդողանի կառավարությունը տապալելու համար ստեղծված «Էրգենեկոն» ընդհատակյա խմբավորմանը, որը, քրեական գործի նյութերով, ոչ միայն կազմակերպել է Հրանտ Դինքի սպանությունը, այլեւ մահափորձ է ծրագրել Օրհան Փամուկի դեմ։ Անսալով իրավապահներին նախազգուշացումներին` Փամուկը ընտանիքի հետ հեռացել էր Թուրքիայից, այդուամենայնիվ, չնայած ազգայնականների ճնշումներին ու սպառնալիքներին, չէր հրաժարվել իր հայտարարություններից: «Այն, ինչ ես ասել եմ, ճիշտ է, իրավաբանորեն ես իրավունք ունեի դա ասելու, եւ դա պետք է ասվի` պատմության, ավելին` բարոյականության տեսանկյունից, եթե մենք մարդկային արարածներ ենք», - պնդել էր թուրք գրողը։ Ազգայնականների կողմից Փամուկի դեմ ներկայացված հայցին լայնորեն անդրադարձել էին նաեւ միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը փաստել էր, որ «այս գործը լակմուսյան թուղթ է, որը ցույց կտա` որքանով է Թուրքիան համապատասխանում Եվրամիության չափանիշներին»: Փամուկին աջակցություն էին հայտնել նաեւ 8 աշխարհահռչակ գրողներ, այդ թվում` Գաբրիել Գարսիա Մարկեսն ու Մարիո Վարգաս Լյոսան, պնդելով, որ թուրք գրողի նկատմամբ հետապնդումները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները։ azatutyun.am
| |
|
Всего комментариев: 0 | |