10:23 Ստի խնդիրը | |
Հայաստանի իշխանությունը վերջին օրերին այնպես է նվիրվել գյուղին, որ սրտից թույլ մարդիկ կարող են նույնիսկ հուզվել: Այդպես նույնիսկ Ռոմեոն նվիրված չէր Ջուլիետին: Տնտեսական ծանրագույն կացության փրկությունն իշխանությունը սկսել է որոնել գյուղում: Բայց մինչ այդ արժե հիշել, թե ինչպես էր նույն այդ իշխանությունը` Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի բերանով, տարբեր ամբիոններից հայտարարում, որ ի պատասխան համաշխարհային տնտեսական ճգնաժամի, Հայաստանը գլոբալ տնտեսական ծրագրեր է հռչակում, որոնք հսկայական կապիտալ ներդրումներ են բերելու Հայաստան: Հիմա իշխանությունը, մեղմ ասած, կանգնել է կոտրած տաշտակի առաջ և տեսնելով, որ երկիրը հասել է ոչ միայն անդունդի եզրին, այլ արդեն անդունդի հատակին է մոտենում, ստիպված է գյուղ գնալ ու գյուղացիներին համոզել, որ այս տարի գոնե մի երկու կոպեկ էժան վաճառեն իրենց ապրանքը, որ երկրում սոցիալական բունտ չլինի: Իշխանությունը, որ երեք տարի շարունակ ստից էր կառչել ու բնակչությանը կերակրում էր ամպագոռգոռ նախագծերի տեսլականներով, այսօր կառչել է գյուղից և նույնիսկ հարցազրույցներ տալու համար գյուղից այն կողմ չեն գնում` կուժ ու կուլայի ֆոնին են հարցազրույցներ տալիս, թե իբր իրենք էլ մեզանից մեկն են: Իրականում իրենք մեզանից մեկը չեն, որովհետև իրենք ստախոս են, իրենք մեզ խաբում էին երեք տարի, որ իբր ամեն ինչ լավ է, որ իբր ճգնաժամ են դիմագրավում, որ իբր Հայաստանը նույնիսկ շահած է դուրս գալու այս ճգնաժամից: Ուրեմն իրենք մեզանից մեկը չեն, քանզի եթե ընդունում ենք, որ իրենք մեզանից մեկն են, ուրեմն ընդունում ենք, որ մենք բոլորս ենք այդպես ստախոս: Բայց մի՞թե բոլորս ենք ստախոս: Իհարկե ոչ: Այդ ժողովուրդը չէր, որ հեքիաթներ էր պատմում տնտեսական բարեփոխումների և առաջընթացի մասին: Մենք սուտ չենք խոսել, մենք սուտ լսել ենք: Իսկ երբ ասել ենք, որ մեր լսածը սուտ է, որ իրականում երկիրը ոչ թե ճգնաժամ է հաղթահարում, այլ աստիճանաբար գլորվում է անդունդը, այդ ստախոս հեքիաթասացները հասարակությունից ներողություն խնդրելու փոխարեն, մեզ են մեղադրել հասարակությանն ապակողմնորոշելու համար: Հիմա գյուղի հանդեպ իրենց հանկարծահաս սիրո բռնկումով ակամայից ցույց են տալիս, թե իրականում երեք տարի շարունակ ով է ապակողմնորոշել հասարակությանը, ով է սուտ խոսել: Հետևաբար հասարակությանը նրանք պետք է պատասխան տան ոչ թե սոցիալական ծանր կացության, այլ ստի` պետական մակարդակով հնչեցված ստի համար: Որևէ պետության համար վտանգավորը տնտեսական կացությունը, սոցիալական մարտահրավերները չեն, այլ իշխանության սուտը: Դրանից ավելի մեծ մարտահրավեր չի կարող լինել որևէ պետության համար: Հետևաբար, իշխանության ներկայիս ջանքերը ոչ թե մեղքերի թողություն են, այլ փաստացի ստի բացահայտում, հրապարակային բացահայտում: Հասարակությունը պետք է պատասխան պահանջի դրա համար, այլապես եթե այսօր դա անուշադրության մատնի և իշխանության հետ իրականացնի «լռություն` հացի դիմաց» գործարքը, վաղը նորից է կանգնելու հացի խնդրի առաջ, որովհետև այսօր չի վերացրել ստի խնդիրը: 1in.am
| |
|
Всего комментариев: 2 | |
|