20:26 Ս.Մինասյան. Ադրբեջանը փոքր զիջման դիմեց | |
Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիման ժամանակ ամրագրվեց, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարող է լինել բանակցային միայն մեկ ձևաչափ` Ռուսաստանի մասնակցությամբ: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով` Սոչում ավելի հստակեցվեցին այն առաջարկները, որոնք ներկայացվել էին կողմերին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ: Ըստ քաղաքագետի` եռակողմ հանդիպումը կարելի է դիտարկել նաև որպես բանակցային գործընթացը շարունակելու մասին պայմանավորվածություն: Նրա խոսքով, կարելի է խոսել Ադրբեջանի փոքր, բայց որոշակի զիջման մասին: «Ադրբեջանն այդքան էլ սիրով չի գնում բանակցության, և եթե ամրագրվում է, որ դրանք շարունակվելու են, ինչպես նաև ասվում է խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու համաձայնության մասին, որքան էլ այդ համաձայնությունը մակերեսային և հեղհեղուկ լինի, այդուհանդերձ, այդ հանգամանքները կարելի է համարել որոշակիորեն Ադրբեջանի փոքր զիջում»,- կարծիք հայտնեց Ս.Մինասյանը: Սերգեյ Մինասյանը նաև ուշադրություն հրավիրեց, որ Ադրբեջանում որևէ կերպ չեն մեկնաբանում Սոչիի հանդիպումը: Ըստ քաղաքագետի` դա վկայում է Բաքվի չարդարացված սպասումների մասին: «Հասկանալի է, որ նույնիսկ շատ մակերեսային ինչ-որ ընդգծում, որ կողմերից մեկը պատրաստ է գոնե խաղաղ միջոցներով շարունակել բանակցային գործընթացը, հարվածում է հենց Ադրբեջանի ղեկավարության հեղինակությանը: Երբ որ դու ասում ես, որ մենք կսկսենք պատերազմ և հետո քո վրա ես վերցնում խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու որոշ մակերեսային պարտավորություններ...Դա առաջին հերթին ազդում է հենց Ադրբեջանի հեղինակության վրա», - ասաց բանախոսը: Ըստ փորձագետի` հայկական կողմը պետք է լինի իրատես և հասկանա, որ Սոչիի հանդիպման արդյունքները չի կարելի համարել մեծ դիվանագիտական հաղթանակ: «Պարզապես պայմանները և ՌԴ-ի ղեկավարության դիրքորոշումն այն ձևով դեր խաղացին, որ Ադրբեջանը ստիպված էր գնալ մի քայլի, որը չէր ցանկանում», - հավելեց նա: Aysor.am | |
|
Всего комментариев: 0 | |