Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 25.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » «Քաղաքացին» եւ «դավաճանը» նույն կերպ են ընկալում թուրք հետադիմականն ու հայ «առաջադիմականը»
11:15
«Քաղաքացին» եւ «դավաճանը» նույն կերպ են ընկալում թուրք հետադիմականն ու հայ «առաջադիմականը»
 «Թուրքիան քաղաքացիական ինքնություն կունենա եւ սահմանադրական պետություն կդառնա այն օրը, երբ Զապել Եսայանի «Ավերակների մեջ»-ը կթարգմանվի թուրքերեն եւ կհրատարակվի որեւէ հայտնի հրատարակչատան կողմից: 1911թ. Եսայանն ասում էր, որ գրում է իր հայրենակիցների համար (իհարկե նկատի ունենալով թուրքերին, որովհետեւ խոսքը օսմանյան հայրենիքի մասին էր): Նա ուզում էր, որ իր «հայրենակիցները» այլ աչքերով նայեին, որ նրանք հասկանային, որ Ադանայի հայերը իրենց համար էին զոհվել: Որպեսզի իրենք վերջապես ազատ լինեն: Նրանք զոհվել էին հանուն քաղաքացիության»:

Այս տողերը Մարկ Նշանյանի մի նամակից են` ուղղված Չենգիզ Աքթարին, ում գիրքը հենց այս տարի թարգմանվել ու հրատարակվել է հայերեն: Գիրքը, որ կոչվում է «Կոչ ներումի. թուրքերը դիմում են հայերին»,  2008- ի դեկտեմբերին Ստամբուլում սկսված ներման ինտերնետային ստորագրահավաքի մասին է ու ներառում է դրա տարբեր արձագանքներ, ներկայացնում ցեղասպանության հանդեպ թուրքական մտավորական որոշ շրջանակների մտայնությունները: Եվ Մարկ Նշանյանի նամակն էլ հենց այս գրքում է զետեղված:

Հեղինակը նախ ներկայացնում է Մարկ Նշանյանի սեմինարի թեման Ստամբուլի Սաբանջի համալսարանում, ուր դասախոսելու էր հրավիրված պրոֆեսոր Մարկ Նշանյանը 2009թ. : Ահա «Սուգ եւ հաշտեցում» խորագրով սեմինարի թեման.

«Արդյոք պետք չէ՞ օգնել (եթե ոչ սիրել) նրանց, ովքեր ոչ ժողովրդավարական երկրի ներսում աշխատում են իրենց սեփական հասարակությունն ազատականացնելու ուղղությամբ: Արդյոք պետք չէ՞ անհրաժեշտության դեպքում լինել նրանց կողքին: Ուրեմն կարիք չկա՞ արդյոք, ուզենք, թե ոչ, աշխատել հաշտեցման ուղղությամբ: Արդյո՞ք այս ամենի կարիքը չկա, նամանավանդ որ ոչ ժողովրդավարական պետությունը իր հիմնադրման կերպով եւ իր նորոգված գոյությամբ կանխամտածված ձեւով, բացահայտորեն եւ առանց փոքր-ինչ զղջման զգացումի հենվում է «պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրի» եւ «սուգի անկարելիության» վրա:… Այո, պետք է օգնել եւ նույնիսկ սիրել նրանց, ովքեր աշխատում են իրենց սեփական հասարակությունը ազատականացնելու ուղղությամբ: Բայց մի կողմից` պետք է իմանալ, թե ում հետ ենք հաշտվում, պետք չէ շփոթել բարեկամությունը եւ հաշտեցումը: Պետք է ունակ լինել մշակելու «բարեկամության քաղաքականություն»` «հաշտեցման քաղաքականության» տեղում եւ փոխարեն: Եվ մյուս կողմից` պետք է ամեն դեպքում իմանալ, թե ինչը երբեք չի հաշտեցվի այդ հաշտության մեջ: Վաղը մենք հաշտված կլինենք: Պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրը այդպես էլ շարունակում է չհպատակվել, եւ դրա համար կարիք չկա լինել ոչ ժողովրդավարական պետություն»:

Ծանոթագրության մեջ ասվում է, որ «պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրը» ուղղակի թարգմանությունը չէ un crime sans ve՛rite-ի: Եվ որ Մարկ Նշանյանի համոզմամբ` ցեղասպանությունը չի հպատակվում «պատմական իրողության» եղանակներին: «Կա միայն մեկ` «պատմաբանական» ճշմարտություն: Աղետը չի պատկանում պատմագետներին: Պատմությունը միշտ դիրքավորվել է ոճրագործների կողքին, եւ երբ ընդունում ենք, որ Ոճիրը պատմական ճշմարտությանն է հպատակվում, ուրեմն, ոճրագործի կողմն ենք անցնում ի վերջո ու հաշտվում ենք թե՛ ոճրագործի, թե՛ Ոճիրի հետ: Հարցն այն է, որ Ոճիրը միշտ մեղսակցում է պատմությանը, հետեւաբար, պատմական ճշմարտությունը միշտ մեղսակիցն է Ոճիրի ու ոճրագործի: Ուրեմն, «պատմաբանական ճշմարտությունն» ու «պատմական ճշմարտությունը» նույնը չեն»:

Ծանոթագրության մեջ ասվում է նաեւ, թե այս տեսության մանրամասներին կարելի է ծանոթանալ Նշանյանի` Կոլումբիա համալսարանի հրատարակած The Historiographic Perversion գրքում: Ցավոք, հայալեզու ընթերցողներս այդ գիրքը կարդալու հնարավորություն չունենք, քանի որ ոչ մեկի մտքով չի անցնում թարգմանել ու հրատարակել դա Հայաստանում:

Չենգիզ Աքթարն իր «Կոչ ներումի. թուրքերը դիմում են հայերին» գրքում ներկայացնում է նաեւ Նշանյանի` իրեն ուղղված նամակը.

«Արդյոք որեւէ բան կփոխվի՞ Թուրքիայում: Հնարավոր է: Հնարավոր է նաեւ` ոչ: Իրականում ես չեմ հավատում: Ես խորապես համոզված եմ, որ «երկխոսությունը», «ներողության արշավը» եւ նույնիսկ իմ ներկայությունը Թուրքիայում ուժեղացնում են պետական ֆաշիզմը: Որքան ավելի շատ է երկխոսությունը, որքան ավելի մեծ է բարեկամությանը միտված փոխըմբռնումը եւ իմ պես մարդկանց ներկայությունը Թուրքիայում, այնքան ավելի մեծ է պետական ֆաշիզմը: Որովհետեւ պետական ֆաշիզմը հիմնված է ոչ թե ստի, այլ` պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրի վրա: Պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրը սնում է ֆաշիզմը:…

Թուրքիան քաղաքացիական ինքնություն կունենա եւ սահմանադրական պետություն կդառնա այն օրը, երբ Զապել Եսայանի «Ավերակների մեջ»-ը կթարգմանվի թուրքերեն եւ կհրատարակվի որեւէ հայտնի հրատարակչակատան կողմից: 1911թ. Եսայանն ասում էր, որ գրում է իր հայրենակիցների համար (իհարկե նկատի ունենալով թուրքերին, որովհետեւ խոսքը օսմանյան հայրենիքի մասին էր): Նա ուզում էր, որ իր «հայրենակիցները» այլ աչքերով նայեին, որ նրանք հասկանային, որ Ադանայի հայերը իրենց համար էին զոհվել: Որպեսզի իրենք վերջապես ազատ լինեն: Նրանք զոհվել էին հանուն քաղաքացիության: Ընդդեմ բռնապետության: (Իսկ բռնապետությունը միայն Աբդուլ Համիդը չէր, այլ ընդհանրապես` ցանկացած պետական վարչակարգ, որը ջնջում է քաղաքացիությունը, որն անհնարին է դարձնում այն, որը բացահայտ կամ թաքուն գերիշխանություն է բանեցնում): Եվ իմ հայրենակիցները իրենց երկրի քաղաքացիներ կդառնան, երբ կկարողանան կարդալ Զապել Եսայան (կամ ցանկացած այլ վկայություն, սակայն Եսայանի գրվածքը բացառիկ է նրանով, որ բացահայտորեն հասցեագրված է իր «հայրենակիցներին», եւ որ նա խոսում է որպես քաղաքացի):

Հարյուր տարի` մի ամբողջ դար պետք եղավ, որպեսզի ես կարողանամ խոսել ձեզ հետ այս մասին: Ես սա պատահական մեկին չեմ ասում: Ես ձեզ եմ ասում: Գոնե կարող եմ ասել: Սակայն բարեկամությունը չէ, որ ինձ դրդում է դա ասելու: Հարյուր տարի պետք եղավ, որպեսզի մեկը ձեր ականջին հասցնի այն, ինչը Եսայանն ասում էր 1909-1911 թթ.: Երկար ժամանակահատված է: Չափազանց երկար ժամանակահատված: Եվ ձեր ականջն ընդամենը մեկ տարանցիկ կետ է: Անհրաժեշտ է, որպեսզի ձեր միջոցով դա հասնի մեր «հայրենակիցների» ականջներին:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 1911-ից չորս տարի անց, ամենամեծ հանցագործությունն է, որ երբեւէ արձանագրել է ժամանակակից հիշողությունը, ոչ միայն այն պատճառով, որ խոսքը պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրի մասին է, այլեւ որովհետեւ ոճրագործները մեկ դարով (կամ գուցե հավիտյան) սպանեցին քաղաքացիության մասին խոսելու` դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ցանկացած հնարավորություն: Այլ կերպ ասած` նրանք այնպես արեցին, որ մեր «հայրենակիցները» երբեւէ հնարավորություն չունենան Զապել Եսայան կարդալու, որ համակարգային անհնարինությունը թույլ չտա մեր «հայրենակիցներին» կարդալու այդ հեղինակին եւ դրանով իրենց երկրի քաղաքացին դառնալու: Նրանք քաղաքացի կդառնան, երբ կկարողանան կարդալ հայկական որեւէ վկայություն եւ կհասկանան, թե ինչ է նշանակում «վկայել», ինչպես դա այսօր անում են գերմանացիները»:

Մարկ Նշանյանը ստամբուլյան իր սեմինարներից հետո Երեւան էր եկել դասախոսելու այլ թեմաներով, եւ արանքում ժամանակ գտավ մի օրն էլ այս նյութին նվիրել: Հետաքրքիր է, որ թուրքական համալսարանի կողմից հրավիրված սփյուռքահայ դասախոսը Հայաստանի ոչ մի բուհի կողմից հրավեր չի ստանում, եւ այս դասախոսություններն էլ հնարավոր եղան միայն «Ուտոպիանա» կազմակերպության շնորհիվ` արվեստագետների փոքր մի խմբի լսարանում:

Էլ ավելի հետաքրքիր էր, որ Նշանյանի` ներման ու հաշտեցման թեմայով այդ մի օրվա դասախոսությունը Հայաստանում անցավ համարյա անհաղորդ լսարանում, որ տոգորված էր հայ-թուրքական հաշտեցման մասին իշխանության ու ընդդիմության համընկնող տեսակետներով: Եվ դա բնավ զարմանալի չէր, քանի որ ընդդիմադիր շարժման գաղափարախոսների շրջանակում հնչում են կարծիքներ, թե Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը դավաճանել էին իրենց երկրին, դրա համար էլ կոտորածների ու ցեղասպանության ենթարկվեցին:

Հավանաբար Մարկ Նշանյանը պետք է մի նամակ էլ հայաստանցիներին գրեր, որ քաղաքացիական ինքնություն ունենալու համար պիտի կարդալ Զապել Եսայանի «Ավերակների մեջ»-ը, որպեսզի քաղաքացիության մասին պատկերացում ունենան գոնե դրա անունից ու դրա մասին այն խոսողները, ովքեր, իբր թե, բարձր են գնահատում այսօրվա Հայաստանում քաղաքացիական անհնազանդությունը, մինչդեռ մոտ հարյուր տարի առաջվա թուրքական կայսրությունում հայ քաղաքացիների` իրենց իրավունքների համար ձայն բարձրացնելը դավաճանություն են համարում:

Վիոլետ

tert.am

Просмотров: 609 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 12:59) [ՆՅՈՒԹ]
"այլ` պատմաբանական ճշմարտության չհպատակող Ոճիրի վրա" արտահայտությունը տեղիք չի տակիս կասկածելու, որ հեռու չի այն օրը, երբ թուրքը ինքը կհայտարարի Աշխարհին, որ ինքը ընդամենը գործիք է եղել` ցեղասպանությունը կազմակերպել են ջհուդները: Արդյոք? Մարկ Նշանյանը այսօրվա ՀՀ-ում ադմինիստրացիայի կողմից կհրավիրվեր իսկության բացահայտմանն ու զանգվածայնացմանը:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: