Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 16 » Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 3
12:20
Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 3


Վերլուծելով 2008–ի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԿ առաջնորդի գործողությունները՝ կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա ավելի անկեղծ է իր հետևորդների հետ հարաբերվելիս, քան նախկինում, երբ «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա» խոսքերն էր օգտագործում, որպեսզի զանգվածներն իրենց պաշտպանված զգային ու «դուխով» մտնեին պայքարի մեջ։

Իշխանության համար պայքարը և մարդու կյանքի գինը

Բոլոր նրանք, ովքեր դառնում են Լևոն Տեր–Պետրոսյանի գործիքը (իսկ Լևոնի գործիք են այն մարդիկ, ովքեր նրան վստահում ու հետևից են գնում), պետք է իմանան, որ իշխանության համար մղվող պայքարում իրենց կյանքը գնահատվում է 1 միլիոն դոլար, վիրավորվելը՝ 100 հազար դոլար։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն իր իշխանության գալու և մարդկային կյանքի գնի հարաբերակցությունն այդպես է պատկերացնում։ Եթե այնպես ստացվի, որ «վոժդը» իշխանության գա, ապա պետությունը կա՛մ կտա այդ փողը, կա՛մ չի տա՝ հայտարարելով, որ գանձարանը դատարկ է և զոհերի հարազատներին վճարելու ժամանակը չէ։

Մեռնել հանուն Ղարաբաղը հանձնելու

Լևոնի իշխանության գալու համար պոտենցիալ զոհ դառնալու պատրաստակամություն ցուցաբերողները և երիտասարդ զոմբիները պետք է իմանան նաև, որ պայքարում են հանուն տերպետրոսյանական հետևյալ գաղափարի. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Մեջբերումը Տեր–Պետրոսյանի՝ Հայաստանի զարգացման ու լավ ապրելու բանաձևն էր, որը նա ներկայացրեց 2010–ի հուլիսի 17-ին ՀՀՇ–ի վերջին համագումարում (տե՛ս http://blog.7or.am/archives/3872 )։ Այդպիսի բանաձևեր ՀՀ առաջին նախագահը բարձրաձայնել էր սկսած 1991–ից ու այդ գծից չի շեղվել երբեք։ Կրկնեմ՝ երբեք։ Ասել է թե՝ ՀԱԿ «ժողովրդավար» ղեկավարն այսօրվա սոցիալ–տնտեսական վատ վիճակի պատճառ է համարում ոչ թե գործող համակարգն ու այդ համակարգը գլխավորող պարագլուխներին, այլ Ղարաբաղի հարցի ու հայ–թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը։

Իսկ ի՞նչ է հասկանում Տեր–Պետրոսյանը «Ղարաբաղի հարցի լուծում» ասելով։ Ելնելով նրա հրապարակային խոսքից՝ Տեր–Պետրոսյանը նկատի ունի 1997–ին իր կողմից քարոզվող «փուլային» լուծման տարբերակը, որի շրջանակներում ոչ միայն հանձնվելու էին ազատագրված տարածքները, այլ նույնիսկ նախկին ԼՂԻՄ–ը, առանց որևէ կարգավիճակի ճշգրտման, «դե յուրե» մնալու էր Ադրբեջանի կազմում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ, ըստ Տեր–Պետրոսյանի, Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելն ու այն Սփյուռքին թողնելն է, ինչը փաստացի նշանակում է մոռացության տալ հարցը և թուրքերի հետ գնալ նվաստացուցիչ քիրվայության՝ փոխարենը ոչինչ չստանալով, ինչում համոզվեցին շատերը՝ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության ընթացքին հետևելով։

Բա եթե, ըստ ՀԱԿ առաջնորդի, Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը, ապա ինչու՞ է նա այժմ պահանջում ինչ որ պաշտոնյաների հրաժարական, առաջարկում օրենսդրական փոփոխություններ, հանրային կյանքի այս կամ այն ոլորտի բարեփոխման ծրագրեր և այլն։ Միևնույն է լավ բան չի սպասվում, քանի դեռ պատերազմի հաղթանակները չենք վերածել պարտության։ Սա՛ է Տեր–Պետրոսյանի հիմնական գաղափարախոսությունը և ողբերգականն այն է, որ ահագին մարդ գնում է այս կոդի ետևից։ Ուրեմն որքան ծանր է մարդկանց վիճակը, որ շատ չեն խորանում նման կարևորագույն հարցերի մեջ և կանգնում են «Պետրոս Գետադարձի» գաղափարական հետևորդի կողքը։

Տերպետրոսյանական օխլոկրատիա

Տեր–Պետրոսյանը 2008–ին հայտարարում էր, թե օգտագործեք ինձ որպես գործիք այս իշխանություններից ազատվելու համար, իսկ այժմ բացահայտորեն գործիքի է վերածում իր հանրահավաքին եկած մարդկանց ու նրանցից «ժողովրդավարական» ձևով համաձայնություն է ստանում վարվելու այնպես, ինչպես կամենա։

Արձանագրենք, որ այս տարվա մարտի 1–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանի կազմակերպած «քվեարկությունը» օխլոկրատիայի (ամբոխավարության) ու դեմագոգիայի դասական օրինակ էր, որի միջոցով գեղամյանություն անելու «դաբրոն» վերցվեց հավաքվածներից և, ըստ այդմ, հանրահավաքի բոլոր մասնակիցները դարձան Սերժ Սարգսյանի միջնորդավորված հաճախորդները՝ անկախ այն հանգամանքից ցանկանու՞մ էին արդյոք հայտնվել այդ կարգավիճակում, թե՞ ոչ։

Համաձայնե՛ք, որ 15 կետանոց պահանջ կարդալն ու էմոցիոնալ ֆոն ունեցող հանրահավաքի մասնակիցներից բացարձակ մեծամասնությամբ «այո» ստանալը, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց հիմարի ու գործիքի տեղ դնել։ Բայց դա ոչ թե Տեր–Պետրոսյանի, այլ այդ մարդկա՛նց խնդիրն է, ովքեր պատրաստ են թույլ տալ, որպեսզի իրենց գլխաքանակն առևտրի առարկա դարձնելով ու «այո» կորզելով՝ նորաթուխ Գեղամյանն իր անձնական բարեկեցությունն ապահովի, և ընդդամենն իր գինը բարձրացնի «Եղիազարի» հետ հարաբերվելիս։

Ես հասկանում եմ, որ շատերը հանրահավաքի էին գնացել ոչ թե այն պատճառով, որ ընդունում են Տեր–Պետրոսյանին, այլ որ տվյալ պահին իրենց բողոքն արտահայտելու այլ ձև չեն գտնում։ Նրանց մեղադրել չի կարելի։

Պարզ է, որ մարդկանցից շատերը մասնակցում են տերպետրոսյանական ներկայացմանը, քանի որ չեն ընդունում Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ու զզված են վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսակործան մոտեցումներից։ Բայց նույն այդ մարդիկ պետք է գիտենան, որ մանրադրամի են վերածվում Տեր–Պետրոսյանի ձեռքում, ում ընդհանրապես չեն հետաքրքրում իրենց խնդիրները։ Պետք է ուրեմն արժանապատվություն ու ազատ մտածողություն ունենալ և չթողնել, որպեսզի օխլոկրատն իրենց մանիպուլյացիայի առարկա դարձնի։ Սա՛ է ասածս։

Համայնավարներին ու պրոֆեսիոնալ դեմագոգներին հատուկ ոճով փողոցային քվեարկություններ կազմակերպելով՝ Տեր–Պետրոսյանը միտինգավորներին ներքաշում է իր կուլիսային գործարքների տիրույթ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա հայտարարելու, թե ես ժողովրդի թույլտվությամբ եմ, ասենք, համաձայնության եկել Ս. Սարգսյանի հետ։ Իսկ եթե մարդիկ ինքնաբուխ գնան կտրուկ գործողությունների, ապա օխլոկրատը պահվածքի երկու տարբերակ կընտրի. կհաղթի հեղափոխությունը՝ լավ, չի հաղթի՝ իրեն կպահի այնպես ինչպես այժմ՝ տարանջատվելով իրադարձություններից ու խուսափելով պատասխանատվությունից։

Այս ամենը շատ ակնհայտ է և բոլոր նրանք, ովքեր մեծ պաթոսով նշում են, թե Տեր–Պետրոսյանը հզոր քայլ արեց երբ հանրահավաքում հայտարարեց, թե այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ՝ ցույց են տալիս իրենց «Լևոնի վկա» լինելը կամ էլ լծվել են «Լևոնը միակ ընդդիմությունն է» իշխանահաճո քարոզչության իրականացման գործին։

Ի դեպ, պատահական չէ, որ լևոնական՝ «հասարակության ինքնակառավարման ֆորումի» դեմագոգիկ գաղափարը գովերգվում է այն «ընդդիմադիր» թերթերով ու կայքերով, որոնք ենթարկվում են Բաղրամյան 26–ի երիտթևին, բայց իրենց քարոզչական գործողությունների «լեգիտիմությունն» ապահովելու նպատակով «Լևոն–Լևոն» են խաղում, մանավանդ որ պատվիրատուն կողմ է դրան և, ի դեմս Տեր–Պետրոսյանի, տեսնում է իր իշխանության երաշխիքի գործիքին (Շահնազարյան Դավիթին հարցրեք՝ կասի)։

Նման երևույթներն ու քաղաքական գործիչներն են պատճառը, որ շատ հաճախ մարդիկ քաղաքականությունը համարում են անբարոյականություն, բայց պետք է իմանալ, որ քաղաքականությունն անբարոյական զբաղմունք են դարձնում միայն անբարոյական արժեհամակարգ ունեցող մարդիկ։ Տեր–Պետրոսյանն այդ առումով բարոյականության հետ խնդիրներ ունի։ Մարդ, ով իշխանության է եկել Ղարաբաղյան շարժման ալիքի վրա՝ պարզապես իրավունք չունի հայտարարել, թե քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել (փաստացի՝ միակողմանի զիջվել)՝ Սերգո ջանը լավ չի ապրի։ Բայց ինչ բարոյականություն պահանջես մեկից, ով իր նախագահության տարիներին չէր վախենում հայտարարել, որ Քրիստոսն էլ էր բարոյականություն քարոզում, բայց մարդիկ նրան խաչեցին՝ ուստի …

Արժանապատվության ու բարոյականության մասով շատ չի մտահոգվում նաև Սերժ Սարգսյանը։ Նայեք, թե ովքեր են այժմ «ֆուտբոլասերի» յուրայինները և ում դեմ է նա պայքարում, ու ամեն ինչ պարզ կդառնա։ Այդ առումով Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը միմյանց արժանի «հակառակորդներ» են։

Դատելով Սերժ Սարգսյանի ՀԱԿ–ին ուղղված գովեստի խոսքերից՝ Տեր–Պետրոսյանի «հաճախորդացման» գործընթացն ամբողջ թափով առաջ է գնում, և Արթուր Բաղդասարյանի 2008թ. մարտի 1–ից մեկ օր առաջ արածն այս ամենի ֆոնին կարող է դպրոցական չարաճճիություն համարվել։

Անդրանիկ Թևանյան

7or.am

Просмотров: 692 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: