21:21 ՀԺԱՄ-Ը դատապարտում է | |
2011թ.
Մարտի 20-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարևոր
ստուգատես էին ՀՀ իշխանությունների համար: Ընտրությունների ընթացքն ու
արդյունքները արձանագրեցին ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հնչեցվող բարեփոխման
խոստումների կատարյալ սնանկությունը: Քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ
Ռուբեն Խլղաթյանը, կատարյալ ամենաթողության պայմաններում, տեղական
իշխանությունների և օլիգարխիկ տարրերի բացահայտ աջակցությամբ` ի ցույց դրեց
Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք
գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից: Այս ընտրությունները ևս
մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր
տիպի այլակարծության և փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես
էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը: Հաջորդ
ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաև տեղի ոստիկանությունը, որը հանդես
գալով բիրտ ուժի դիրքերից, նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սևակ
Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ:
Նման երևույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի <<զրո
հանդուրժողականություն կոռուպցիայի և կաշառակերության նկատմամբ>>
հայտարարության վրա, ինչպես նաև խորացնում մեր հասարակության մեջ անարդարության զգացումը`
տասնյակ հազարավոր մարդկանց ուղղորդելով դեպի Մատենադարանի հրապարակ:
ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է
Արմավիրում բացահայտ խախտումներով անցկացված ընտրությունները: Այս ընտրությունները
ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխանական կոալիցիան ապրում է քաղաքական մտքի
խորագույն ճգնաժամ և չի կարող առաջարկել երկրի զարգացման նոր և արդյունավետ
ճանապարհներ, առավելևս, չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում արդար
ընտրությունների կազմակերպման և անցկացման երաշխավոր: Այս հանգամանքը պետք է
մեծապես մտահոգի ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը և անձամբ նախագահ Սերժ
Սարգսյանին, իսկ այսուհետ իրականացվելիք յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություն
կանխորոշելու է 2012թ. խորհրդարանական ընտրությունների որակը:
ՀԺԱՄ վարչություն | |
|
Всего комментариев: 0 | |