12:32 Գազը չթանկացավ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման դիմաց | |
«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության փորձագետ Ստանիսլավ Տարասովը: - Պարոն Տարասով, վերջին շրջանում ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում բարձրացել է: Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի դերը մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում և այդ ամենի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը: - Ռուսներն ասում են`սուրբ տեղը թափուր չի մնում, այնպես որ, ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հայտնվելն օրինաչափ երևույթ էր: Ներկա պահին փաստ է այն, որ Կովկասում ՆԱՏՕ-ն ապակայունացնող դեր է խաղացել, ինչն էլ դրսևորվեց 2008թ. օգոստոսին տեղի ունեցած վրացական պատերազմի ժամանակ: Միաժամանակ, ասեմ այն, ինչի մասին բարձրաձայն չեն խոսում ռուս քաղաքագետները. հենց ՆԱՏՕ-ն դրդեց Ռուսաստանին մասնակցելու Անդրկովկասի աշխարհաքաղաքական տարածության ֆրագմենտացիայի պրոցեսին: Սկզբից Ղարաբաղն էր, հետո Հարավային Օսիան և Աբխազիան: Հետո` «Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կանգառը...», ահա այսպիսին է ընթացող պրոցեսի տրամաբանությունը, որը սկսում է որպես հենակետ օգտագործել այն, ինչ տեղի է ունենում Արաքսից այն կողմ: Մեծ հաշվով, ինձ թվում է, որ կգա մի պահ, երբ «շնորհակալ ռուս ժողովուրդը» մոսկովյան պուրակներից մեկում Ջորջ Բուշ կրտսերին և Սաակաշվիլիին նվիրված հուշարձան կտեղադրվի: Բուշը բզկտեց Մերձավոր Արևելքը, շեշտակիորեն բարձրացրեց նավթի գները, ինչը Ռուսաստանին թույլ է տալիս ներկայումս ապրել ինչպես ռանտյե: Սաակաշվիլին էլ աշխարհաքաղաքականության ախորժակը արթնացրեց նոր ռուսների մոտ, մեծ տերության վիրուսը տարածեց: Այնպես որ, նոր Ռուսաստանը, ինչպես միշտ, սովորում է երթերի վրա: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն նաև դեգրադացնում է, ինչն էլ երևում է Թուրքիայի օրինակի վրա: Վտանգը, սակայն, մեկ այլ բանի մեջ է` Մերձավոր Արևելքում նոր զինված բախման առաջացման հավանականությունը և դրա անդրադարձը Կովկասի վրա: Այդ ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդրանքով և ՆԱՏՕ-ի պատժամիջոցներով անհրաժեշտ կլինի Բաքու մտցնել «սահմանափակ զորակազմ» արևմտյան նավթային ընկերությունների հետաքրքրությունները պաշտպանելու համար: Իսկ ավելի լավ կլիներ այնտեղ հայտնվել իսլամիզմից «ազատարարների» դերում: Թերևս վրացական պատերազմից հետո սկսում են Ռուսաստանին դրդել հենց դրան: - Կարծիք կա, որ Ռուսաստանը սեփական ժողովրդի անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուր մնաց դառնա Հարավային Կովկասի երկրների անվտանգության երաշխավոր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը: - Ես չեմ ցանկանում հանդես գալ կվասային հայրենասերի դերում` իրավիճակը Ռուսաստանում հեշտ չէ, բայց կառավարելի է: Բանն այն է, որ երկրի ներքաղաքական որոշ բացասական գործընթացներ ուռճացված բնույթ են կրում և օգտագործվում են որոշակի ուժերի կողմից: Դա հիմնականում կապված է քաղաքական էլիտայի անկայունության հետ, ինչի մասին կարելի է շատ քննարկել: Այդուամենայնիվ, ես չեմ տեսնում Ռուսաստանի կողմից էական ջանքեր Անդրկովկասի երկրների անվտանգությունը ապահովելու համար: Բայց առերևույթ առկա աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, հասունացող գիտակցումը, որ ներկայումս գոյություն ունեցող պետական սահմանները անկայուն են, հնարավոր է որոշակի ցնցումների սպասում, որոնց հետ եթե Ռուսաստանը ինչ-որ կապ ունենա, ապա դա կլինի չափազանց կողմնակի: Իսկ ընդհանուր առմամբ, ենթադրյալ ռազմական և այլ միջոցներով թատրոններում, որպես կանոն, միջոցներ չեն ներդնում: Ավելին, պետք է հստակ կողմնորոշվել` ում և ինչի համար պաշտպանել: - Պարոն Տարասով, ինչպե՞ս եք գնահատում Օբամայի վարչակարգի սկսած վերբեռնման քաղաքականությունը և ինչպե՞ս կարող է այն ազդել մեր տարածաշրջանի վրա: Ենթադրվում է, որ այս քաղաքականության նպատակն է Ռուսաստանին համոզելը, որ ՆԱՏՕ-ն թշնամի չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը չափազանց վատ է արձագանքում հետխորհրդային տարածքի երկրների և ՆԱՏՕ-ի ցանկացած համագործակցությանը: - Անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել ռուս-ամերիկյան «վերբեռնման» իմաստը: Իրականում ԱՄՆ-ը բախվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի մարտահրավերներին: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը դեպի Մոսկվա քայլեր է կատարում, որպեսզի թույլ չտա Մոսկվա-Պեկին ռազմավարական ալյանսի ստեղծմանը: Իրոք, նախկինում Մոսկվան քաղաքական առումով հիվանդագին էր ընդունում ՆԱՏՕ-ի ակտիվ գործունեությունը հետխորհրդային տարածքում, քանզի հասունանում էր այն գաղափարը, որ աճող ռուսական կապիտալիզմը սպառման շուկայի և հումքի աղբյուրների կարիք կունենա: Այժ սկսում է գերակշռող լինել այլ վարկած. եթե մենք բարոն Մյունհաուզենի նման ի վիճակի չենք սեփական մազերից քաշելով մեզ դուրս բերել ճահճից, ապա շատ ավելի լավ է կցվել ՆԱՏՕ-ի գնացքին, բայց միայն գնալով վերջին վագոնում, որ հասցնենք պատրաստել մեքենավարին, որպեսզի պետք եղած պահին մեր վագոնը այլ ճանապարհի վրա փոխադրի: Այսինքն` կա իրական քաղաքականություն, յուրահատուկ հետաքրքրություններ, բայց կա նաև տեղեկատվությամբ ուղեկցվող այնպիսի սցենարի հավանականությունը, երբ կողմերը քաղաքականապես վարկաբեկում են միմյանց տարատեսակ «սարսափների» հաշվին: - Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի պետերբուրգյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի բարձրացնի Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող գազի գինը, և սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ռուսական կողմը խոսում էր գազի գնի բարձրացման մասին: Ձեր գնահատմամբ, ի՞նչ պատահեց, որ կողմերը եկան նման համաձայնության, ինչի՞ դիմաց Ռուսաստանը չթանկացրեց գազը: - Ամեն ինչ պարզ է` Գյումրիում գործող ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման դիմաց: Իսկ ընդհանուր առմամբ, հետագայում կձևավորվեն նման բազաների համակարգ. Կանտ (Ղրղզստան), Գյումրի (Հայաստան), Ինջիրլիկ (Թուրքիա): Մեծ հաշվով, Հայաստանի նկատմամբ իրականացվող «գազային դիվանագիտության» դարաշրջանն ավարտվում է: Նոր ժամանակներ են գալիս, և սկսվում են նոր «խաղեր»: - Մեդվեդև-Սարգսյան հանդիպումից հետո հրապարակվեց տեղեկատվություն, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 24 մարտական ուղղաթիռներ: Պարոն Տարասով, այս գործարքը, Հայաստանի հետ գազի գնին առնչվող գործարքը և մարտի 5-ին Սոչիում սպասվելիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը միամյանց հետ որևէ առնչություն ունե՞ն: - Պետք չէ խանդել Ռուսաստանին Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նախկին կնոջը: Ադրբեջանին անհրաժեշտ է ռազմա-տեխնիկական առումով ամրապնդվել` հաշվի առնելով հարավից եկող մարտահրավերները: Այդ մարտական ուղղաթիռները նախատեսված չեն Հայաստանի հետ պատերազմական գործողությունների համար: Ղարաբաղյան խնդիրը լուծվելու է սկզբունքորեն այլ սցենարով: | |
|
Всего комментариев: 1 | |
|