Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 22.11.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 29 » Բիզնեսի անհամեստ լռությունը
23:36
Բիզնեսի անհամեստ լռությունը
 Գործարար աշխարհը, թերևս, կարելի է համարել հասարակության ամենապահպանողական շերտերից մեկը: Ժամանակակից գործարարությունը, իհարկե, դժվար է պատկերացնել առանց նորարարական, նույնիսկ հեղափոխական մոտեցումների, բայց էությամբ գործարարությունը պահպանողական վարքագիծ է ենթադրում. այդ շերտի համար շատ կարևոր է միջավայրի կայունությունը, փոփոխությունների էվոլյուցիոն ընթացքը, կանխատեսելիությունը: 

Թերևս դրանով կարելի է պայմանավորել այն, որ Հայաստանում առկա իրավիճակից ամենադժգոհ խավը կամ շերտը, կամ ամենադժգոհ խավերից կամ շերտերից մեկը հանդիսացող գործարարությունը, չափազանց պասիվ է քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների առումով, թեև ակնհայտ է, որ առանց դրա Հայաստանում չի բարելավվելու նաև գործարար միջավայրը:

Հարկ եմ համարում հստակեցնել, որ գործարարություն ասելով՝ նկատի ունեմ առավելապես փոքր և հատկապես միջին ու խոշորին մոտ գործարարներին, որոնցից անդին արդեն օլիգարխիան է: Օլիգարխիայի պարագան մի փոքր այլ է, այստեղ զուտ գործարարություն եզրը բավական նեղ է իրավիճակ ու վարքագիծ նկարագրելու համար: Օլիգարխիայի պարագայում եթե կան իրավիճակից դժգոհություններ,- իսկ այդպիսի դժգոհություններ անշուշտ կան, ընդ որում շատ լուրջ,- ապա միևնույն է, նրանց ունեցած քաղաքական իշխանությունը այդ դժգոհությունները չարտահայտելու դիմաց թույլ է տալիս ստանալ որոշակի տնտեսական դիվիդենտներ: Այսինքն՝ եթե օլիգարխը դժգոհ է իրավիճակից, իշխանությունը նրան խոստանում է ինչ-որ հարցերում ընդառաջել, չգրված արտոնություն սահմանել՝ փոխարենը պահանջելով դժգոհությունը չդարձնել քաղաքականության կամ քաղաքացիական շարժման տարր, առարկա: 

Փոքր, միջին և խոշորին մոտ գործարարության պարագայում այդպիսի դեպքերը շատ հազվադեպ են, և հիմնականում այդ խավին իշխանությունը չի «վարձատրում» լռության դիմաց, կամ վարձատրություն է համարվում այն, որ ասենք լռելու դեպքում նրանց ձեռքից բիզնեսները չեն խլում կամ գոնե միանգամից չեն խլում: Թերևս, հիմնականում այդ պահպանողական էությունն է, որ գործարարության այդ շերտին թույլ չի տալիս ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման միջոցով պայքարել սեփական իրավունքների համար, փորձել իշխանությանը թելադրել իրենց շահը, պահանջները, պարտադրել դրանց կատարում: Եթե մի փոքր պարզունակ արտահայտվեմ, ապա խոսքը լոբբինգի որոշակի դրսևորման մասին է` կամ իշխանության, կամ ընդդիմության հանդեպ լոբբինգի: 

Ընդդիմության պարագայում դա մի փոքր չափազանցված է, քանի որ այս դեպքում, իհարկե, կարծես թե առանձնապես մեծ ջանքի կարիք չկա, քանի որ ընդդիմությունը, ինքն իր քաղաքական շահից ելնելով, բարձրացնում է հարցեր, որոնք հուզում են ոչ միայն շարքային բանվորներին, առևտրականներին և ծառայողներին, այլ նաև գործարար այդ շերտի ներկայացուցիչներին: Իսկ ահա իշխանության հանդեպ գործարար այդ շերտի իներտությունը զարմանք առաջացնում է: Այդ գործարարները շատ պասիվ են սեփական շահի ինստիտուցիոնալ հետապնդման հարցում: Գուցե դա մտածողության խնդիր է, երբ ամեն մեկը գերադասում է առանձին, առանց ավելորդ աղմուկի, այսպես ասած՝ «շառից ու փորձանքից» հեռու մնալով լուծել իր հարցերը: 

Բայց չէ՞ որ փորձը ցույց է տալիս, որ այդ տարբերակը արդյունավետ չէ, և դրա հետևանքով խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելի խորանում, քանի որ «անհատական մոտեցման» պարագայում դիմացինը, տվյալ դեպքում՝ իշխանությունը, ընդամենը օգտվում է առիթից և ժամանակ առ ժամանակ մեծացնում իր ախորժակը: Ահա թե ինչու կարևոր է սեփական շահի սպասարկման ինստիտուցիոնալ տարբերակը: Միայն այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել գործարարության այդ շերտի հետ: Ինքնին հասկանալի է, որ իշխանությունը գիտակցում է դրա վտանգը և այդ իսկ պատճառով փորձում է այսպես ասած «ականներ» ունենալ նաև այդտեղ, ի դեմս այն գործարարների, որոնց տրվում են որոշակի արտոնություններ` բնականաբար չգրված, որոնց ներգրավում են այսպես ասած իշխանական պայմանավորվածությունների դաշտ, դրա դիմաց նրանց վրա դնելով գործարարության այդ դաշտում պառակտիչ քարոզչություն իրականացնելու համար: 

Այդ քարոզչությունն արտահայտվում է իշխանության այսպես ասած «կառուցողական« քննադատության տեսքով, երբ քննադատվում է, բայց միաժամանակ ասվում՝ «այնուամենայնիվ, խնդիրները պետք է իշխանության հետ համատեղ և միասին լուծվեն»: Արդյունքը լինում է այն, որ լուծվում են միայն հենց այդ գործարար-քարոզիչների բիզնեսների հետ կապված խնդիրները, իսկ հենց դրանց բաժին ծանրությունն էլ հայտնվում է այդ պայմանավորվածությունների շրջանակից դուրս գտնվողների վրա: Իշխանությունը միգուցե նրանց էլ հաճույքով կներառեր շրջանակ, բայց այդ դեպքում ռեսուրսները չեն բավականացնի «յուրային գործարարների» բանակի համար: 

Հետևանքը մի վիճակ է, երբ փոքր, միջին և միջինից մի փոքր մեծ բիզնեսների համար Հայաստանում գործունեության պայմանները դառնում են ավելի ու ավելի անտանելի, բայց այդ պայմանների դեմ կառուցվածքային պայքարից այդ շերտը կարծես թե կամովին հրաժարվում է՝ ինքն իրեն չհավատալով, ու նաև կարծես թե չհավատալով որևէ այլ քաղաքական ուժի: Համենայն դեպս, այդ գործարարները, այդ շերտի ներկայացուցիչները կարող են անհատապես լինել այս կամ այն ուժի և գործչի համակիրը, իսկ միասնական, սոցիալական առումով, որպես այդպիսին, կարծես թե գոյություն չունենալ: Համենայն դեպս, չկա նրանց ձևակերպված պահանջը, և որքան էլ որ հայտնի են խնդիրները, միևնույն է` ձևակերպված պահանջի բացակայությունը հավասարազոր է դառնում սուբյեկտի բացակայության: Այստեղ, սակայն, գուցե անելիք ունեն նաև քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնցից գուցե պահանջվում է առավել աշխույժ և նախաձեռնող լինել այդ շերտի հետ հարաբերություններում, և լինել նաև որոշակիորեն առավել կրեատիվ, քանի որ իհարկե գործարարների մոտ կա վախ, որ ընդդիմության հետ փոխհարաբերությունը կարող է իրենց վրա թանկ նստել: 

Բայց, կասկած չկա նաև, որ պետության համար այդ կարևորագույն շերտի և ընդդիմության միջև արդյունավետ փոխհարաբերության բացակայությունն էլ թանկ է նստում թե՛ երկուստեք, թե՛ նաև պետության վրա, ինչն ամենագլխավորն է: Ի վերջո, խնդիրն այն չէ, որ գործարարները ընդդիմության հետ գործակցության աշխուժացման շնորհիվ հեղափոխություն կանեն երկրում: Խնդիրն այն է, որ այդ գործակցության աշխուժացման և արդյունավետության բարձրացման շնորհիվ ընդդիմությունն ու բիզնեսի այդ շերտը իշխանությանը կարող են ստիպել գնալ ավելի առարկայական՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և նույնիսկ քաղաքացիական ռեֆորմների:

Արամ Ամատունի

1in.am
Просмотров: 535 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 11:15) [ՆՅՈՒԹ]
Հիանալի պարզաբանում է: Բայց, միայն մի բան, որ ՀՀ-ու ընդիմություն չկա, եւ հետո` մանր գործարարներին հատկացնելով մանր խաբկանք, նրանք ելնում են առաջինը Իսրաէլի ֆոնդի ավելացման տեսակետից, եւ երկրորդը` դրանց դարձնում են ազգի թշնամիների "լեգիոնի" անդամ

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: