11:13 Ադրբեջանական պրոպոգանդան շարունակում է ստել... | |
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ է: Այդ ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն առանձնացան ոչ միայն կրակային խոցման ինտենսիվությամբ, այլև կիրառված զինատեսակների բազմազանությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 1300 կրակոց: Հակառակորդի նախահարձակ գործողությունները հատկապես առավել ընդգծված բնույթ են կրել մարտի 20-ին և 21-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 110 անգամ, որից շուրջ 50-ը "СВД”, իսկ 40-ը` ”Սև նետ” տիպի դիպուկահար հրացաններից: Զավեշտական է, որ այսքանից հետո Ադրբեջանի պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչամեքենան, իր սովորության համաձայն փորձում է առաջնային գծում հաստատված լարվածությունը պայմանավորել ոչ թե ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցմամբ, այլև Պաշտպանության բանակի նախահարձակ գործողություններով: Թերևս դրա ամենաթարմ օրինակը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից մարտի 23-ին տարածած ապատեղեկատվությունն է, որում ասվում է, թե իբր <Հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր, 1986թ. ծնված Սամիր Հիդայաթ օղլու Աղաևը...>: Իսկ դրանից ընդամենը մեկ օր անց մարտի 24-ին, չգիտես ինչու այս անգամ բավականին ուշացումով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց ևս մեկ զինվորի` Էլնուր Մամեդովի զոհվելու մասին ԶԼՄ-ների կողմից տարածաց լուրը, որն իբր տեղի է ունեցել մարտի 21-ին ժամը 19:20-ին Թարթառի ուղղության դիքերից մեկում: Անդրադառնալով այս տեղեկություններին ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը դրանք որակեց որպես ադրբեջանական պրոպոգանդայի հերթական հերյուրանք: - <ԼՂՀ զինված ուժերը` ինչպես նախորդ բոլոր շրջաններում, այնպես էլ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո շարունակում են հարգել հակամարտ կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման շուրջ մարտի 5-ին ձեռքբերված պայմանավորվածությունը, - լրատվամիջոցներին տված իր պարզաբանումն այսպես է ձևակերպել ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ Ս. Հասրաթյանը: - Ադրբեջանն, իր սովորության համաձայն, փորձում է սեփական զինուժում` միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցող մահվան ելքով յուրաքանչյուր միջադեպ, այդ թվում նաև մարտի 21-ի և 23-ի դեպքերը, վերագրել ղարաբաղյան կողմին, դրանով իսկ հետապնդելով երկու նպատակ. նախ` սեփական ժողովրդից թաքցնել իր բարոյալքված բանակում տիրող իրական վիճակը և, երկրորդ` միջազգային հանրության տեսադաշտում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում: Մինչդեռ, եթե պաշտոնական Բաքուն իրականում մտահոգված է իր դիրքապահ զինվորների ճակատագրով և այստեղ տեղի ունեցող յուրաքանչոյր մահվան դեպք շտապում է ներկայացնել որպես հրադադարի խախտման հետևանք, ապա հարց է ծագում` ինչու ադրբեջանական կողմը ոչ միայն հրաժարվում է կատարել առաջնային գծից դիպուկահարների դուրս բերման մասին միջազգային համապատասխան կառույցների կողմից արվող առաջարկությունը, այլև պարբերաբար խախատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում նախատեսվող դիտարկումների անցկացման պայմանավորվածությունը: Բոլորի համար ակնհայտ է նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայակակն կողմերը, որպես բարի կամքի դրսևորում, ոչ միայն իրենց պատրաստակամությունն են հայտնել և հայտնում վերոնշյալ գործընթացները կյանքի կոչելու համար, այլև այսօր էլ շարունակում են ձեռնպահ մնալ շփման գծում լարվածությունն ուժեղացնելու ցանկացած փորձից: Այս ամենից հետո մնում է եզրակացնել, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված լարվածությունը Ադրբեջանի կողմից պարբերաբար և հետևողականորեն իրականացվող ապակառուցողական քաղաքականության արդյունք է: Հանգամանք, որն առաջին հերթին պետք է մտահոգի հենց Ադրբեջանի հասարակությանը...>
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին | |
|
Всего комментариев: 0 | |