10:08 Հայկական հիշատակի կենտրոնի պնդմամբ` 1915-ին հայերից թալանված ոսկին հայտնվել է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում | |
Գլենդեյլում գործող Հայկական հիշատակի կենտրոնը մարտի սկզբին դատի է տվել ԱՄՆ-ի կենտրոնական բանկին (Federal Reserve)` տեղեկատվություն պահանջելով օսմանյան կառավարության կողմից 1915 թվականին հայերից ավարառված մեծ քանակությամբ ոսկու ձեռք բերման վերաբերյալ: The California Courier թերթի վկայությամբ` հայցը ներկայացվել է Տեղեկատվության ազատության ակտի հիման վրա: Հայերից ավարառված ոսկին, որը ժամանակին արժեցել է 5 միլիոն թուրքական լիրա (22 միլիոն դոլար), այժմ հարյուր միլիոնավոր դոլարներ է գնահատվում: ԱՄՆ-ի կենտրոնական բանկի ղեկավարությունը վերջերս հայտարարել է, որ բանկի տրամադրության տակ գտնված որեւէ հայկական ոսկու մասին արձանագրություններ չունի: Այդուհանդերձ, The California Courier-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը ներկայացնում է ԱՄՆ-ի կենտրոնական բանկում հայկական ոսկու հայտնվելու հետեւյալ սխեման. Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում օսմանյան կառավարությունը ավարառել է սպանված կամ տեղահանված հայերի ոսկին ու այլ արժեքավոր ունեցվածքը, բռնագրավել նրանց բանկային հաշիվները եւ բանկերին ի պահ տրված արժեքները եւ մի շարք բարդ գործարքների միջոցով հասցրել դրանք գերմանական ու ավստրիական բանկեր: Ի վերջո, հայերի ոսկին հանգրվանել է Բեռլինի Reichsbank-ում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Անտանտ» դաշինքի պետությունները փոխհատուցում են պահանջել Գերմանիայից եւ պատերազմում նրա դաշնակից Թուրքիայից, որոնք, ենթարկվելով այդ պահանջին, 1921 թվականին Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային են փոխանցել Reichsbank-ում պահվող հայկական ոսկին: Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան էլ, իրենց հերթին, այդ ոսկին J.P. Morgan բանկի Փարիզի մասնաճյուղի միջոցով վաճառել են ԱՄՆ-ին` փոխանակելով այն Միացյալ Նահանգների գանձապետարանի սերտիֆիկատների հետ: The California Courier-ը ներկայացնում է նաեւ ժամանակին բրիտանացի եւ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք, ըստ թերթի, հաստատում են հայերի ոսկու նախ` Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի տրամադրության տակ, ապա ի վերջո` Միացյալ Նահանգների կենտրոնական բանկում հայտնվելու փաստը: azatutyun.am
| |
|
Всего комментариев: 0 | |