14:43 «Կապիտալ». Հայաստանը կարող է օգտագործել Գյումրիի Ս-300 համալիրները | |
Օրաթերթը ենթադրություն է անում, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանագրում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանը, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործել Գյումրիի ռուսական ռազմաբազայի սպառազինությունները: Ռուսաստանը փորձում է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը։ Հուլիսի 29-ին ռուսական «Վեդոմոստի» թերթը գրեց, որ Մոսկվան երկու դիվիզիոն զենիթահրթիռային Ս-300 ՄՊՈՒ-2 «Ֆավորիտ» համալիր կմատակարարի Ադրբեջանին, նույն օրը ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունում հերքեցին այդ տեղեկատվությունը: Ինֆորմացիոն այս արտահոսքից հետո երեկ բավական ուշագրավ մի լուր հաղորդեց ռուսական Interfax գործակալությունը, ըստ որի նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանագրում։ Ըստ այդ փոփոխությունների` Հայաստանը պատերազմի դեպքում կարող է օգտագործել Գյումրիում տեղակայված ռուսական զենիթահրթիռային Ս-300 համալիրները։ Սրանից կարելի է ենթադրել, որ թեև ռուսները հերքեցին Ադրբեջանին Ս-300 համակարգեր վաճառելու մասին լուրը, այնուամենայնիվ նրանք հող են նախապատրաստում իրենց դաշնակից Հայաստանի «խաթրն» առնելով` Ս-300 երկու համակարգերը վաճառել Ադրբեջանին, որի դիմաց կստանան 600 մլն դոլար: Ռուսաստանը և Հայաստանը ստորագրելու են արձանագրություն, որով փոփոխություններ են մտցվելու Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային վերաբերող պայմանագրում։ Ըստ Interfax-ի` Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով ՌԴ նախագահին առաջարկվում է ստորագրել «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի մասին»» պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը։ Ամենայն հավանականությամբ այդ արձանագրությունը կստորագրվի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` օգոստոսի կեսին Երևան կատարելիք այցի ընթացքում: tert.am | |
|
Всего комментариев: 0 | |