Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 28.7.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 15 » Իլհամ Ալիևը մերժում է կարգավորման հիմնարար սկզբունքները
21:14
Իլհամ Ալիևը մերժում է կարգավորման հիմնարար սկզբունքները

http://t0.gstatic.com/images?q=tbn:xD64oveienDwTM:http://i2.ytimg.com/vi/0mnGtYkjLbY/0.jpgԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հերթական ծավալուն ելույթն է ունեցել, որտեղ բացի ավանդական ռազմատենչ հայտարարություններից` սելեկտիվ մեկնաբանությունների է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս փուլում դիտարկվող հիմնարար սկզբունքները:

Ընդհանրապես ծավալուն մեջբերումները նյութին հետաքրքրություն չեն հաղորդում, բայց այս դեպքում ստիպված ենք ներկայացնել Իլհամ Ալիևի ելույթից մի հատված, որտեղ նա յուրովի մեկնաբանելով խաղաղ բանակցությունների բովանդակությունը` ըստ էության ներկայացնում է Ադրբեջանի դիրքորոշումը (բնականաբար` փորձելով տպավորություն ստեղծել, թե ողջ տիեզերքն է այդպես կարծում):

«Հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա: Որո՞նք են այդ Հելսինկյան սկզբունքները: Հավանաբար, այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են հարցով: Այստեղ գլխավոր սկզբունքը տարածքային ամբողջականությունն է: Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը, դրա հետ հակասության մեջ մտնի: Ժողովուրդների ինոնորոշման և ինքնակառավարման հնարավորությունները չպետք է խախտեն երկրների տարածքային ամբողջականությունը: Այդպիսինք են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը:
Համանախագահ երկրները ներկայացրել են դրա հիման վրա մշակված առաջարկներ, և Ադրբեջանը որոշ բացառություններով ընդունում է դրանք: Որո՞նք են դրանք: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ տեղեկացնել այդ մասին: Առաջին հերթին օկուպացիոն զորքերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող օկուպացված տարածքներից: Հինգ շրջան ազատվում է անմիջապես, իսկ երկու շրջանները` Քելբաջարն ու Լաչինը` որոշ ժամանակ անց: Առաջարկներում նախատեսված է հնգամյա ժամկետ:

Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի ու Լաչինի շրջանները գտնվում են Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև և, ինչ-որ իմաստով, այդ շրջաններ ադրբեջանցի բնակչությանը վերադարձնելու համար պետք է անվտանգության ավելի մասշտաբային միջոցներ ձեռնարկվեն: Սակայն, բոլոր տարածքները, բոլոր շրջանները վերադարձվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ճանապարհ է գործելու, այսինքն` միջանցք, և Ադրբեջանը համաձայնել է նաև այդ առաջարկի հետ, քանի որ դա հակամարտությունը կարգավորելու համար կարևոր հարց է, քանի որ անվտանգության բոլոր երաշխիքները պետք է տրվեն:

Մենք հայերի նման էթնիկ զտումների քաղաքականություն վարելու որևէ մտադրություն չունենք: Ադրբեջանական ժողովուրդը երբեք նման կեղտոտ գործունեության չի գնացել: Ուստի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև ճանապարհը պետք է գործի այնպես, ինչպես գործել է նախկինում, և ես համարում եմ, որ այդ առաջարկը պետք է ընդունվի: Պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղի վարչական սահմաններին պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր, և ես գտնում եմ, որ նաև այս հարցում մեզ որևէ բան չի սպառնում, քանի որ պետք է ապահովվի նաև Ադրբեջանի այն քաղաքացիների անվտանգությունը, ովքեր վերադառնալու են այս պահին օկուպացված շրջաններ: Խաղաղապահ զորակազմն այդ գործառույթը կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր կողմերն իրենց վրա չեն վերցնի անվտանգության ապահովումը:


Քննարկվում է Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակ տրամադրելու հարցը: Այդ կարգավիճակը չի խախտելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Օկուպացիայից տուժած բոլոր մարդիկ պետք է վերադառնան հայրենիք: Դա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի, ինչի մասին բաց հայտարարվում է երեք համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ: Այս ժողովրդավարական սկզբունքները, որոնք արտացոլում են միջազգային իրավունքը, այսպիսով կարող են դառնալ խնդրի լուծման միակ տարբերակը: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել. որոշ բացառություններով Ադրբեջանն ընդունել է այս հիմնարար սկզբունքները, և մենք սպասում ենք նմանատիպ քայլի Հայաստանի կողմից: Թեև մեզ հասնող տեղեկություններն այնքան էլ դրական չեն: Երևում է հայկական կողմը շարունակում է իր մարտավարությունը: Այսինքն` նրանք փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում առավելագույնս ձգձգել հարցը և շարունակել օկուպացիան»:

Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը ոչ միայն խեղաթյուրված է ներկայացնում իրականությունը, այլև` կիսատ:
Ալիևի հիշատակած համանախագահ երկրները թե 2009 թվականին Լ’Աքվիլայում, թե 2010 թվականին` Մուսկոկայում, ներկայացրել են հիմնարար սկզբունքների բավականին հակիրճ ցանկ: Խնդրով զբաղվող ցանկացած անձ և անգամ բանակցային գործընթացի ցանկացած շարքային դիտորդ կարող էր նկատել, որ այդ սկզբունքները գծում են մի շրջանակ, որտեղ տեղավորվում են հակամարտության հետ կապված բոլոր առանցքային խնդիրները, և ամենակարևորը` Լեռնային Ղարաբաղի ապագա դե յուրե կարգավիճակի հարցը:

Իլհամ Հեյդարօղլի Ալիևն այս կարևորագույն «մանրուքը» իր բոցաշունչ ելույթում բաց է թողել: Հավանաբար հույսը դրել է իր հպատակների անգրագիտության վրա` հուսալով, որ նրանք չեն կարող անգլերեն, ռուսերեն, հայերեն կամ մեկ այլ օտար լեզվով տեղեկանալ այդ իրողության մասին: Բայց սա այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ Իլհամ Ալիևն իր ցանկալին նկարագրելուց հետո, հայտարարում է, թե ներկայացվածը բավարարում է իրենց և իրենք «որոշ բացառություններով» ընդունում են դրանք, դեռ մի բան էլ ավելին` սպասում են հայկական կողմի արձագանքին:


Ըստ էության, Իլհամ Ալիևը խոստովանում է, որ ինքը հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները չի ընդունում, մերժում է դրանք: Իր ներկայացրած «Պրահյան գործընթացի» մասին բազմիցս ասվել է` «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»: Հիմա հարց է ծագում, պարոն Հեյդարօղլի, ի՞նչն ես ընդունում, երբ ինքդ հայտարարում ես, որ դեռ քննարկվում են: Կամ այդ ինչպե՞ս ես ընդունում, երբ բացառություն ես անում: Միանգամից ասա` չեմ ընդունում, և վերջ:

Այժմ` ասվածի մասին: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը սեփական մեկնաբանություններն ունի ոչ միայն ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, այլև արդեն մի քանի տասնամյակ միջազգային իրավունքի հիմնաքար հանդիսացող փաստաթղթերի ու սկզբունքների վերաբերյալ: Նա, հավանաբար ելնելով սեփական հպատակների անգրագիտության կանխավարկածից` փորձում է իրազեկել` ինտերպրետացիայի ենթարկելով Հելսինկյան սկզբունքներն ու եզրահանգմամբ, որ ազգերը չպետք է ինքնորոշվեն երկրների տարածքի հաշվին: Ենթադրենք սեփական ժողովրդի գիտելիքների վերաբերյալ նրա կարծիքն օբյեկտիվ է... բա պարզ տրամաբանությո՞ւնը. այդ նույն ժողովրդի մեջ մեկը չկա հարց տա ու փորձի հասկանալ, եթե իրոք մեծն առաջնորդը ճիշտ է, ապա ինչպես է ստացվել, որ Հելսինկյան սկզբունքներն ընդունվել են 1975 թվականին, բայց Ադրբեջանին հաջողվել է 1991 թվականին ինքնորոշվել այլ երկրի (Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրած ԽՍՀՄ-ի) տարածքում:

Կարելի էր, իհարկե, շարունակել ու անդրադառնալ «ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումներ չիրականացնելու բնույթի» մասին պնդմանը, հակամարտության հետևանքով փախստական դարձած անձանց ցանկից ադրբեջանաբնակ կես միլիոնանոց հայերին դուրս բերելու ջանքերին, և այլն...Բայց դրա կարիքը չկա. առանց դրա էլ պարզ է, որ անտեսելով դիմացինի իրավունքները` Իլհամ Ալիևը և ընդհանրապես Ադրբեջանի իշխանություններն ամենևին էլ մտադիր չեն հասնել հակամարտության լուծմանը: Դե եթե մտադիր չեն, կնշանակի խորհել միանգամայն այլ բնույթի հարցերի շուրջ:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Просмотров: 258 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: