Երկրապահ կամավորական միությունն իր ավանդական ուխտագնացության ծրագրի շրջանակներում եռօրյա այցով Տավուշի մարզում է: Ադրբեջանի հետ շուրջ 350կմ սահման ունեցող մարզի մի քանի տասնյակի հասնող սահմանամերձ գյուղերից առաջինը Կիրանց էր, որտեղ այցելեցին երկրապահները: Միության նախագահը երկրապահների հետ միասին ծաղկեպսակ դրեց գյուղում զոհված 18 ազատամարտիկների հուշակոթողին, ինչպես նաեւ մարզից մի խումբ պատերազմի մասնակիցների պարգեւատրեց մեդալներով: Ազատամարտիկների մեծ մասը Երկրապահի մեդալին արժանացան հետմահու:
Փոքրիկ Սոսն ու Սոսեն իրենց ծնողների եւ տատիկի հետ եկել էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից ստանալու իրենց պապիկի` Սոս Դավթյանին հետմահու տրված հուշամեդալը:
«Նման ուշադրությունը բարոյապես մեծ նշանակություն ունի մեզ համար»,-ասում է իր կյանքը հայրենիքին նվիրած ազատամարտիկի որդին` Արմեն Դավթյանը:
«Հայրիկիս մարտական ընկերների պատմելով` մեր գյուղացիները կարողացել են իրենց ուժերով գրավել ադրբեջանական երկու գյուղ, այն դեպքում, երբ նրանք բնակչության թվաքանակով կրկնակի են եղել»,-ասում է նա: Կիրանցում ընդամենը 85 տնտեսություն կա;
«Միայն պատկերացնելն անգամ, որ մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին է, արդեն իսկ խոսում է ձեր հերոսական ոգու մասին: Այստեղ ապրելով դուք ամենաիսկական երկրապահն եք»,- բնակիչներին ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքերով Հայաստանի եւ Արցախի անկախությունն ամենամեծ նվերն էր, որ ստացավ հայ ժողովուրդը, իսկ այդ գործում իր մեծ նվիրումն ունեին բոլոր տավուշցիները` 200-ից ավելի զոհված ազատամարտիկներից մինչեւ մեծ ու փոքր:
a1plus.am
|