ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ մտավորականներ են գալիս ու ցանկություն հայտնում մասնակցելու այդ ակցիային: Նրանք գրանցվում են հատուկ մատյանում: Թե ովքեր այսօր կմասնակցեն «Լռության ուխտ»-ին Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել` խորհուրդ տալով ժամը 17:00-ին գալ Ազատության հրապարակ ու տեղում տեսնել:
«Մտավորականները բողոքում են երկրի այսպիսի ընթացքի դեմ: Ազատության հրապարակին պետք է վերադարձնել նրա հիմնական խորհուրդը: Այս հրապարակը ազատություն պահանջելու, բողոքելու վայր է, եւ որը համառորեն քաղաքային իշխանությունները փորձում են վերածել խաղահրապարակի»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» խորագիրը կրող հացադուլին հաջորդող մտավորականների այս ակցիան, նրա ասելով` շարունակական բնույթ է կրելու: Այն անցկացվելու է ամեն օր` ժամը 17-22:00-ն: «Ակցիայի շարունակության ու ժամկետի մասին խոսելը դժվար է, քանի որ եթե դա միմյանց փոխարինելով է լինում, կախված կլինի նրանից, թե որքան ցանկացողներ կլինեն` ովքեր կգան ու կնստեն Ազատության հրապարակում»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
«Լռության ուխտ»-ի մասնակիցները չեն հաղորդակցվում ոչ մեկի հետ, այլ միայն լուռ ողջունում են:
Ստեփան Սաֆարյանի ասելով` մինչ այս պահը ոչ մի խոչընդոտ չի եղել, թեեւ ակցիայի առաջին օրը քիչ հեռվում բավականին շատ ոստիկաններ են խմբված եղել. «Ակցիայի առաջին օրը նույնիսկ նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ի զարմանս ինձ քաղաքավարի եւ նույնիսկ պատիվ տալով` հետաքրքրվեց ակցիայով ու ասաց, թե. «Դա ձեր իրավունքն է , դուք իրավունք ունեք»:
a1plus.am