00:59 Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միավորվում են բնապահպանական խնդիրների շուրջ | |
Ադրբեջանի և Վրաստանի Կանաչների կուսակցությունները, ինչպես նաև մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպություններ, տարածաշրջանային կայուն զարգացման վերաբերյալ համատեղ պայմանագիր են կնքել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիևի խոսքով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, բնապահպանական խնդիրները լուծելու, ինչպես նաև երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու նպատակով Համակարգող կենտրոն է ստեղծվել: Հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի 11, 12, 13-ին Թբիլիսիում: « Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի կանաչների կուսակցությունը, վրացական ՀԿ-ները, մի քանի հայկական ՀԿ, ինչպես նաև ես` որպես Ադրբեջանի կանաչների կուսակցության ներկայացուցիչ»,- նշել է Գյուլալիևը: «Այս փաստաթղթի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես էներգետիկ համակարգի հետ կապված խնդիրները, բնապահպանությունը, արտադրական խնդիրները վտանգներ են ստեղծում բոլոր երկրների համար: Այս գլոբալ վտանգները էական են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի համար: Այդ խնդիրները խոչընդոտում են տարածաշրջանի անվտանգության ապահովումն ու կայուն զարգացումը: Այդ իսկ պատճառով երեք կողմերի քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները որոշեցին համախմբել ուժերը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է, որ երեք երկրների հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները միավորում են իրենց ներուժը Հարավային Կովկասում խաղաղության և բարեկեցության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- եզրափակել է Գյուլալիևը: Մինչ ապրիլի սկիզբը կողմերը ռազմավարական գործունեության ծրագիր կմշակեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանում նոր օրինագիծ էր քննարկվել, համաձայն որի «Կենտրոնական քաղաքական կառուցվածքները ներկայացնող անձանցից բացի, որոնց, Միլի Մեջլիսի որոշման համաձայն, համապատասխան լիազորություններ են տրված` խաղաղ բանակցություններ վարելու Ադրբեջանի «օկուպացված տարածքների» վերադարձման շուրջ, մնացած բոլոր` Ադրբեջանի քաղաքացի համարվող անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն «ագրեսոր» երկրի կառավարական և ոչ կառավարական կառուցվածքների, ինչպես նաև դատական և օրենսդիր մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև անհատ ձեռներեցների հետ համագործակցելու դեպքում»: epress.am | |
|
Всего комментариев: 0 | |