12:49 «Էրգենեքոնի» գաղափարախոսը հայ է. թուրքական մամուլ | |
Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրականացնողներից մեկի՝ այն ժամանակվա ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռն է, իր հրապարակումներից մեկում գրել է, որ 2010թ. մահացած հայտնի գրող, հոդվածագիր, թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի պատասխանատու քարտուղար Իլհան Սելչուքն ունի հայկական ծագում։Զարգացնելով Սելչուքի՝ հայկական ծագում ունենալու թեման՝ «Լիբերալսես» էլեկտրոնային պարբերականի հոդվածագիր Թունջայ Օփչին, վկայակոչելով իր հայ մտերիմներից մեկից ստացած տեղեկությունը, հաստատում է Հասան Ջեմալի պնդումները։«2006թ. մայիսի 11–ին «Զաման» օրաթերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն իր հոդվածում անդրադառնում էր Իլհան Սելչուքի արմատներին։ Կարդալով այդ նյութը՝ հաջորդ օրն անհամբերությամբ սպասեցի Սելչուքի պատասխան հոդվածին։ Սակայն նա Դումանլըի հետ բուռն քննարկում ծավալելու փոխարեն, շատ ավելի զուսպ, համեստ պատասխան տվեց, քան ես սպասում էի... Բայց ինձ համար բավարար չէր Սելչուքի պատասխանը։ Մի պահ նույնիսկ մտածեցի, թե Սելչուքն իր պատասխանով հաստատում է իր արմատների մասին առկա պնդումները»,– գրում է Օփչին՝ ավելացնելով. «Այնուհետև իմ հայ մտերիմներից մեկից ստացա տեղեկություններ, որոնք հաստատում էին Դումանլըի պնդումները։ Իլհան Սելչուքի մայրը հայր է եղել, իսկ նրա մորաքույրը թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հայ ընկերս ինձ ասաց, որ Սելչուքը բարդութավորվում էր դրանից և հենց այդ պատճառով էլ անցել էր ազգայնականների ճակատ»։Մինչև հիմա թուրքական մամուլում Իլհան Սելչուքի արմատների մասին լուրեր էին շրջանառվում, թե նա ունի հրեական ծագում։ Իսկ Հասան Ջեմալի հոդվածից հետո այսօր թուրքական մամուլում հայտնվել են հրապարակումներ այն մասին, թե Իլհան Սելչուքի ընտանիքի հետ կապված գաղտնիքը բացահայտված է։«Միշտ խոսակցությունն էին պտտվում Իլհան Սելչուքի ծագման մասին։ Սակայն մինչև օրս թեմայի առնչությամբ որևէ հստակ տեղեկություն չկար։ Այսօր Հասան Ջեմալը բացահայտեց այդ մեծ գաղտնիքը»,– գրում է թուրքական «Զամանը»։Նշենք, որ 2008թ. Իլհան Սելչուքը ձերբակալվել էր «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում։ Սակայն դատարանը որպես խափանման միջոց Սելչուքի նկատմամբ կալանք չէր սահմանել, և նա որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել։ Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց Իլհան Սելչուքն էր «Էրգենեքոնի» գաղափարախոսը։Նշենք նաև, որ Սելչուքը «Էրգենեքոնի» գործով ձերբակալված միակ «հայը» չէ։ Նրանից առաջ ձերբակալվել և ավելի ուշ կալանավորվել էր Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, որը «Էրգենեքոնի» գործով գլխավոր մեղադրյալներից է։ Ինչպես թուրքական, այնպես էլ հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Դողու Փերինչեքը նույնպես ունի հայկական ծագում: Tert.am | |
|
Всего комментариев: 0 | |