Главная » Файлы » Мои файлы |
Քաշաթաղի մասին պատմող երաժշտություն
28.07.2010, 19:37 | |
"Մեկ ազգ, մեկ մշակույթ" համահայկական փառատոնի միջոցառումների աշխարհագրությունը լայն է: Փառատոնի ընթացքում մասնակիցները հանդես են գալիս Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում: Դա եզակի իրադարձություն է, եւ այն անվանում են անգամ համահայկական արվեստի շքերթ: Կազմակերպիչները հուսով են, որ փառատոնը նպաստելու է Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի առավել զարգացմանը: Երեկ մեկնարկած փառատոնի շրջանակում ացկացվում են նաեւ Քաշաթաղի մշակութային օրերը: Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի "Բերձոր" ժողգործիքների պետական համույթը: Ռուզաննա Հարությունյանը քանոնահարուհի է: Մանկուց զբաղվել է երաժշտությամբ, սակայն ժամանակավոր թողել է երաժշտական գործունեությունը եւ զբաղվել մանկավարժությամբ: Արդեն մեկ տարի է նվագում է ԼՂՀ-ի Քաշաթաղի Բերձոր ժողգործիքների պետական համույթում: Ռուզաննա Հարությունյան, քանոնահարուհի. "Համարում եմ իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ այս հետաքրքիր ու ազգին նվիրյալ մարդկանց կոլեկտիվում: Մեր աշխատանքը շատ շնորհակալ աշխատանք է համարվում: Մենք առաջին հերթին մեր գոյությունով ապացուցում ենք, որ Քաշաթաղը մոխիրներից հառնելով այժմ զարգացում է ապրում": ԼՂՀ-ի Քաշաթաղի Բերձոր ժողգործիքների պետական համույթը համալրված է ժողովրդական նվագարաններով` քանոն, դհոլ, զուռնա, դուդուկ,իսկ համերգային ծրագիրը հարուստ է: Գրադարանում ներկայացված էին նաեւ Քաշաթաղի երաժշտական եւ արվեստի դպրոցի սաների նկարները: Քաշաթաղի շրջանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Էդուարդ Չախուջյանի խոսքերով` սա լավ առիթ է, որ Երեւանում, ինչու չէ նաեւ Հայաստանում ծանոթանան իրենց մշակույթին: Էդուարդ Չախուջյան, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ. "Հիմնականում մեր մոտ ներկայացված է տեսակավորված պատկերներ` թե մեր պատմամշակութային կոթողները, թե մեր երեխաների ստեղծագործությունները, թե բնության պատկերները: Հիմնական խնդիրը այն էր, որ շատերը տեղեկություն չունեն Քաշաթաղից, ոչ էլ Բերձորից": Քաշաթաղի հյուրերին եկել էին դիմավորելու Երեւանի "Նուռ" պարային ստուդիայի սաները: Պարային խումբը բազմիցս մասնակցել է Քաշաթաղում կազմակերպված միջոցառումներին եւ հասցրել է բարեկամանալ նրանց հետ: Արշակ Գասպարյան, Երեւանի "Նուռ" պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար. "Իրենք շատ ոգեւորված էին, քանի որ իրենց ծանոթ երեխաներ էին գալու, իրենք ընկերներ ունեին, հանդիպեցին, կարծում եմ իրենց ոգեւորվածությունը պիտի նկատելի լիներ": Հուլիսի 27-ին մեկնարկած "Մեկ ազգ, մեկ մշակույթ" փառատոնը, որ մասնակիցների համոզմամբ լավ առիթ է ծանոթանալու Հայաստանի, Սփյուռքի եւ ԼՂՀ-ի մշակույթին, կշարունակվի մինչեւ օգոստոսի 23-ը: www.yerkirmedia.am
| |
Просмотров: 878 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |