12:42 Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի քանդման որոշումը կայացրած դատավորի պաշտոնը բարձրացվել է | |
Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը 76 դատավորի եւ դատախազի պաշտոնների փոփոխություն է իրականացրել, որտեղ հայտնի է դարձել, որ Կարսի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանի քանդմանը կողմ որոշում կայացրած դատավորների պաշտոնը բարձրացվել է, իսկ քանդմանը դեմ որոշում կայացրած դատավորինը` իջեցվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Էրզրումի վարչական 1-ին դատարանի նախագահ Մեհմեդ Հասքալայջը կարծես թե պատժվել է հայ-թուրքական արձանի քանդման որոշումը չեղյալ համարելու համար եւ տեղափոխվել Կայսերիի վարչական դատարան որպես դատարանի անդամ: Էրզրումի շրջանային վարչական դատարանի անդամ Ահմեդ Դորմազը նշանակվել է Մեհմեդ Հասքալայջըի նախկին պաշտոնին` Էրզրումի վարչական 1-ին դատարանի նախագահ: Էրզրումի շրջանային վարչական դատարանի մեկ այլ դատավոր Քեմալ Քուքուն էլ նշանակվել է Կոնիայի վարչական դատարանի նախագահը: Թե Ահմեդ Դորմազը, թե Քեմալ Քուքուն այն դատավորն են, ովքեր աջակցել են, որ Կարսի հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի համար վերջնական քանդման որոշում կայացվի: Նշենք, որ օրեր առաջ Էրզրումի վարչական դատարանը բավարարել է Կարսի քաղաքապետի առարկությունը եւ դատարանի կողմից նախկինում ընդունած որոշումը չեղյալ համարել` թույլատրելով քանդել Կարսում գտնվող «Մարդկության հուշարձանը»: NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։ Նաիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։ news.am | |
|
Всего комментариев: 0 | |