Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երբեմնի ուսանող ու Դավութօղլուի դավանած գաղափարների կրող, փորձագետ Բեհլուլ Օզքանը Երևանում է: Նա մասնակցում է Եվրասիա Համագործակցության հիմնադրամի կազմակերպած «Զրույցներ ժամանակակից Թուրքիայի մասին» ծրագրին և մտադիր է Թուրքիայի մասին դասեր տալ հայ լրագրողներին:
Մինչ այդ, սակայն, փորձագետ Օզքանը հայ-թուրքական ֆորմալ առումով գոյություն չունեցող հարաբերությունների մասին իր տեսակետներն արտահայտեց ասուլիսում:
Նա վստահեցրեց, որ Թուրքիան հենց այնպես չի ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները և իսկապես ցանկացել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Եթե չուզենար ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չէր ստորագրի, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը ձեռնտու չէ Թուրքիային: Մեր երկիրը 17 տարի է` ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի վրա և այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ», -բացատրեց թուրք փորձագետը:
Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի այն պարագայում, երբ, ըստ թուրք բանախոսի, «հայկական բանակն ազատի Արցախին հարակից տարածքները»:
Դա, Օզքանի կարծիքով, շատ անհրաժեշտ է, քանի որ եթե Արցախի հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց չարձանագրվի և Թուրքիայի ղեկավարությունը որոշի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա թուրքական ընդդիմությունը «գլուխ կբարձրացնի և կմեղադրի կառավարությանը»: «Թուրքիայի հասարակության մեծ մասը ադրբեջանամետ է և չի հանդուրժի կառավարության կողմից առանց այդ նախապայմանի հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ», -հայտարարեց փորձագետը:
Նա կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հիմնախնդրում ստատուս-քվոյի պահպանումը վնասաբեր է և Հայաստանի, և տարածաշրջանի երկրների համար:
Խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին, փորձագետ Օզքանը նկատեց, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ չի վերսկսվի: «Դրա համար մի շարք պատճառներ կան, հենց միայն այն, որ Ադրբեջանը նավթամուղներ ու գազամուղներ ունի ու դրանցով միացված է աշխարհին, այնպես որ Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը: Ադրբեջանական իշխանությունները հաստատ չեն ցանկանա պատերազմի պատճառով վտանգի ենթարկել արտաքին աշխարհի հետ իրենց կապող նավթուղիներն ու գազուղիները», -պատճառներից մեկը մատնանշեց Օզքանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի` վերջերս Ադրբեջան կատարած այցին և այդ ընթացքում թուրք-ադրբեջանական կնքված ռազմաքաղաքական դաշինքին, ապա փորձագետի կարծիքով, այդ դաշինքը չի փոխի տարածաշրջանում հավասարակշռությունը: