Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 16 » Վահագն Չախալյանի հայտարարությունը Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից
14:07
Վահագն Չախալյանի հայտարարությունը Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից

http://www.panorama.am/g_image.php?id=77141&t=b «2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի և իմ գործն ընդունել վարույթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ:
Այս որոշումը սպասելի էր. գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները:

Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական և մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.

- Քաղաքական և տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից.

- Նոր դրսևորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանությունների ավանդական քաղաքականությունը. վերսկսվել է աջարների Ջավախք վերաբնակեցման գործընթացը,

- Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղությամբ, աշխատանքից են ազատվում իշխանություններին անցանկալի հայ ուսուցիչները,
- Նոր անուններով է համալրվում ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սև ցուցակը»:

Առկա իրավիճակից միջազգային հանրության հետզհետե աճող մտահոգությանը իշխանությունները պատասխանում են ապատեղեկատվություն տարածելով և կտրականապես ժխտելով հայ բնակչության նկատմամբ խտրականության փաստերը:
Այս պայմաններում ջավախքահայության շրջանում հետզհետե ուժեղանում են դժգոհության, օտարվածության, հիասթափության և անտարբերության տրամադրությունները: Դրա վերջին և ամենավառ վկայությունը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ջավախքահայության կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանություններին ստիպեց կեղծել Ջավախքում դրանց արդյունքները՝ «նկարելով» 75-78% մասնակցություն և ստեղծելով իշխող կուսակցության օգտին քվեարկած «մեռյալ հոգիների» ստվար բանակ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ես վերահաստատում եմ իմ և իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը:

Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջավախքահայության բողոքը լռեցնելու միտված բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին:

Երկխոսության դաշտ ստեղծելու համար վրացական իշխանությունները առաջին հերթին պարտավոր են վերջ տալ ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների լեզվով ջավախքահայության հետ խոսելու իրենց քաղաքականությանը և մասնավորապես`

- Դադարեցնել ջավախքահայ հասարակական- քաղաքական գործիչների հետապնդումները,

- Բեկանել իմ հոր, կրտսեր եղբոր և իմ նկատմամբ ընդունված անարդար դատավճիռները, փոխհատուցել այս անօրինական գործընթացների հետևանքով առաջացած բոլոր վնասները,

- Թույլ տալ վերադառնալ հալածանքների արդյունքում երկրից հեռացած բոլոր հայ ակտիվիստներին,

- Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի արդար և անկողմնակալ հետաքննություն,

- Վերացնել Վրաստան մուտք գործելու վրա արգելք դրված հայ գործիչների «սև ցուցակը»:

Ջավախքահայությանը հուզող քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրներին պետք է տրվեն ազգային փոքրամասնության պաշտպանության գործող միջազգային նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ:

Վրաստանի հայաբնակ շրջանների էթնո-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը պետք է կասեցվեն:

Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ և լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը և անկանխատեսելի զարգացումների հավանականությունը»:


Просмотров: 626 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: