11:03 Պատերազմը անհնար է դառնում | |
Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակաքաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման մասին ասել է. «Դեռ 1992թ. ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի միջեւ կնքվել է Սովորական սպառազինությունների կրճատման մասին համաձայնագիր, որով սահմանվում էր Հարավային Կովկասի երկրների համար նախատեսված սպառազինությունների քվոտան: Մենք կարծում ենք, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ վերջին համաձայնագրի ստորագրումը կարող է խախտել վերոհիշյալ համաձայնագրի դրույթները»: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը եղել է Սովորական սպառազինությունների մասին, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի տեղակայման մայր պայմանագրերի պատրաստման աշխատանքային խմբի ռազմական պատվիրակության ղեկավարը, «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Սովորական սպառազինության մասին պայմանագիրը ստորագրվել է ԱՊՀ գագաթաժողովում եւ դա բազմակողմանի պայմանագիր էր, որը ստորագրել են ոչ միայն Հասանովի թվարկած պետություններն, այլեւ Ուկրաինան, Մոլդովան, եւ դա Վիեննայի` «Եվրոպայում Սովորական սպառազինության մասին» պայմանագրի շարունակությունն էր, որով, սահմանափակվեց սպառազինության 5 տեսակների քանակը, եւ սահմանվեցին քվոտաներ տանկերի, զրահամեքենաների, հրետանու, ավիացիայի եւ ուղղաթիռների համար: «Եվ այժմ ստորագրված պայմանագրի ու 1992 թվականի պայմանագրի միջեւ որեւէ հակասություն չկա»:
Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ 1995 թվականին ստորագրված պայմանագրի 3-րդ հոդվածում նշված էր, որ ռուսական ռազմաբազան, բացի ՌԴ շահերը պաշտպանելուց, պաշտպանում է նաեւ Հայաստանի շահերը, համաձայն զինված ուժերի համատեղ օգտագործման պլանի, որը վերաբերվում էր արտաքին սահմաններին` Թուրքիային ու Իրանին: «Իսկ Վրաստանի ու Ադրբեջանի սահմաններին այդ ֆունկցիան չէր վերաբերում, քանի որ նրանք ԱՊՀ անդամներ էին, իսկ ԱՊՀ-ի շրջանակներում գործող պայմանագրերի համաձայն, անդամ պետություններն իրար դեմ չեն ծավալում գործողություններ: Այդ պատճառով այն ժամանակ նման կետ չէր կարող ընդգրկվել: Հիմա սահմանափակումը հանված է եւ ՌԴ ռազմաբազան ապահովում է ՀՀ անվտանգությունը ողջ սահմանագծով»,-ասաց նա: Բացի դրանից, պայմանագրի համաձայն, ՌԴ-ն հայկական բանակը մատակարարելու է ժամանակակից եւ համատեղելի զենքով: «Եվ այն սպառազինության մրցավազքը, որ նախաձեռնում է Ադրբեջանը, դառնում է անիմաստ, քանի որ ստանձնելով ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը` ՌԴ-ն ըստ էության ապահովում է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Այդ դեպքում արդեն փոխվում է սպառազինության մրցավազքի հարթությունը`ՀՀ-Ադրբեջանից տեղափոխվելով Ադրբեջան-Ռուսաստան հարթություն: Այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի երկարատեւ հավասարակշռությունը, ինչը կանխում եւ անհնարին է դարձնում հայ-ադրբեջանական պատերազմը,-ասաց Վաղարշակ Հարությունյանը եւ ավելացրեց,-ինչ վերաբերում է Հասանովի հայտարարությանը` սովորական սպառազինությունների սահմանափակման մասին, ապա ՌԴ-ն դուրս է եկել այդ պայմանագրից, իսկ Ադրբեջանը ինքն է խախտում պայմանագիրը եւ դա ապացուցվում է ՄԱԿ-ի ռեգիստրում նշված թվերով. դրա մասին բազմիցս հայտարարել են անգամ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները»: a1plus.am | |
|
Всего комментариев: 0 | |