Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 26.9.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 23 » Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի քայլը
10:31
Ո՞ւմ էր ուղղված Սերժ Սարգսյանի քայլը
 «Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»,- ապրիլի 20-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ ահա այսպես դիմեց Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` հանձնարարելով «նոր թափ և ակտիվացում» հաղորդել 2008թ. մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը:

Սերժ Սարգսյանի այս քայլը տարբեր կերպ ընկալվեց. առաջին` որ սա ՀԱԿ ապրիլի 8-ի հանրահավաքին իշխանությունների առջև Լևոն Տեր-Պետրոսյանի դրած երեք պայմաններից մեկի իրականացումն է: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը իշխանություններից պահանջեց «Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում»: Եվ երկրորդ դիտարկումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանն այսկերպ պատասխան է տալիս Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե «2008թ. մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին Ռոբերտ Քոչարյանին», ինչին եղավ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պատասխանը. «Պնդել, թե «մարտի 1»-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին` կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերևս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»:

Բացի այս տարբերակներից, չպետք է բացառել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի վրա մեծ ազդեցություն են գործել միջազգային հանրության ճնշումները, որոնք վերջին շրջանում ակտիվացել են: Վերջին տարբերակին ավելի հակված է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, չնայած համոզված է նաև, որ նման բոլոր որոշումների վրա ազդեցություն է գործում Հայաստանում ժողովրդի շարժումը, և անկախ նրանից, թե որ կենտրոնն ինչ որոշում է ընդունում, վերջին գործոնը մեծ դեր է խաղում, և դրա ուժեղացումը կարևոր է: Ըստ Մանուչարյանի` Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը պետք է ոչ միայն նպատակ հետապնդի պարզելու, թե մի քանի մարդասպան զինվորիկներ, անկախ նրանից` գեներալ են, թե շարքային, հանցագործ աշխարհի շարքային ներկայացուցիչ, թե բանդայի պարագլուխ, ում են կրակել, այլ անհրաժեշտ է պարզաբանել, թե ո՞ւր մեկնեց Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի իրադարձություններից առաջ, ինչո՞ւ էին եվրոպական կառույցները և համաշխարհային ուժային կենտրոնները «ամեն ինչ լավ է, չնայած կան թերություններ» ձևակերպումներով արձագանքում Հայաստանի ընտրություններին. «Պետք է պարզել, թե ով ի՞նչ է ստացել այդ Մարտի 1-ից, և ինչպես են ըմբոշխնել այնտեղ թափված արյունը»:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով էլ, Սերժ Սարգսյանը ստիպված է հաշվի նստել այն միջազգային լուրջ պահանջների հետ, որն առաջ քաշեցին Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստան այցելության ընթացքում, այն է` հետամուտ լինել մարտի 1-ի սպանդը իրականացնողներին պատասխանատվության կանչելու խնդրին, ինչպես նաև Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում ամրագրված թեզերը: Նկատենք, որ ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցում ամրագրված է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել միջազգային իրավական նորմերը և սեփական հարաբերությունները ժողովրդի հետ կառուցեն ազնիվ հիմքի վրա, այլ ոչ թե շարունակական խաբեության և ճնշումների: Ըստ Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանի քայլը ճիշտ չէ վերագրել ընդդիմության գործունեությանը. «Հարգելով ընդդիմության պայքարի նշանակությունը` որպես վերլուծաբան ես կարծում եմ, որ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքից հետո ՀԱԿ-ի ճնշումը իշխանությունների նկատմամբ ոչ թե հզորացման միտումներ է դրսևորում, այլ որոշակի առումով մեղմացել է: Եթե մարտի 1-ի հանրահավաքից հետո սկսվեին տևական հանրահավաքներ, նստացույցեր, ապա Սերժ Սարգսյանի այս քայլը կարելի կլիներ վերագրել ընդդիմության աճող ճնշմանը, սակայն հզորացող ճնշում չի եղել, ընդհակառակը` եղել է պատրաստակամություն առայժմ ձեռնպահ մնալու վճռական գործողություններից»:

Անդրադառնալով այն կարծիքին, թե Սերժ Սարգսյանի այս քայլը պատասխան է Ռոբերտ Քոչարյանին, Հովհաննիսյանը նշեց. «Սերժ Սարգսյանի հավատարիմ կամակատարը ԱԺ-ում` Վիկտոր Դալլաքյանը, վերջերս փորձում էր ապացուցել, որ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէր Մարտի 1-ը, իսկ եթե հաշվի առնենք այն վարկածը, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կար պայմանավորվածություն, որ վերջինս դառնալու է վարչապետ, ապա առավել ևս Քոչարյանին ձեռնտու չէր Մարտի 1-ի սպանդը, և որ այն վերագրվեր իրեն: Այնպես որ, կարելի էր նաև ենթադրել, որ հենց Քոչարյանին վարչապետ չնշանակելու համար Սերժ Սարգսյանին ձեռնտու էին Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները»: Ըստ Հովհաննիսյանի` այս բոլոր ենթադրությունները կարող են հիմնավոր լինեն, եթե լինի Մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք բացահայտում, և պարզվի, թե ինչ դեր է խաղացել այդ իրադարձություններում Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և ինչու ոչ` Արթուր Բաղդասարյանի դավաճանությունը:

ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանն էլ Սերժ Սարգսյանի քայլը նմանեցրեց բրեժնևյան ժամանակաշրջանի հետ. «Եթե ինչ-որ հարց չէին ուզում լուծել, կամ հանձնաժողով էին ստեղծում, կամ էլ խորհրդակցություններ էին անցկացնում, նույնն էլ այժմ անում է Սերժ Սարգսյանը: Եթե մարդիկ երեք տարվա մեջ ոչինչ չեն բացահայտել, ապա այդ նույն մարդիկ ինչպես են նոր բան բացահայտելու: Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի և այդ խորհրդակցությանը նստած մարդկանց համար է, որ Մարտի 1-ը բացահայտված չէ, մնացածների համար Մարտի 1-ը բացահայտված է, այլ հարց է, որ իրավական ուժ չի ստացել: Այս ամենը շատ կարևոր հարցի շուրջ վատ կազմակերպված PR է»: Կարապետյանը նշեց, որ ինքը համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե այսկերպ Սարգսյանը կատարում է ընդդիմության պահանջը կամ էլ անձնական հարցեր է լուծում Ռոբերտ Քոչարյանի հետ. «Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ընդդիմության պահանջները կամ առաջարկները չեն կատարվում, անձնական խնդիրներն էլ լուծվում են անձնական սեփականության նկատմամբ նկրտումներով»: Ըստ Կարապետյանի` Սերժ Սարգսյանի քայլը պայմանավորված է երկու հանգամանքով. «Չմոռանանք, որ համազեկուցողները բավականաչափ խիստ ընդգծել էին, որ Մարտի 1-ը թունավորում է հայկական քաղաքական դաշտը, և երկրորդ` մոտենում են ընտրությունները: Պարզ է, որ Մարտի 1-ը դառնալու է ընդդիմության գլխավոր և ճիշտ խաղաքարտերից մեկը»:

Իսկ ահա փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Սերժ Սարգսյանի քայլը որակեց որպես երկխոսություն ընդդիմության և իշխանության միջև: Հարությունյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի որոշումը կախված չէ միայն ընդդիմության գործունեությունից, այլ նաև իշխանությունն է գիտակցում, որ երկիր է կառավարում և պետք է տարբեր քաղաքական ուժերի միջև հավասարակշռություն ստեղծի. «Եթե ընդառաջ գնալու նշան է ցույց տալիս, ապա դա շատ դրական քայլ է: Թող անի, Մարտի 1-ի բացահայտումը հրամայական է, դա ոչ մեկի քմահաճույքի առարկան չէ, և եթե երկիրը չբացահայտեց Մարտի 1-ը, ինքը չի կարող առաջ գնալ, ինչպես նաև հոկտեմբերի 27-ը: Դա մնում է երկրի պատմության մեջ և բումերանգի պես վերադառնում է»: Այդուամենայնիվ, ըստ Հարությունյանի, պետք է սպասել զարգացումներին, քանզի մի խորհրդակցությունը դեռևս շատ քիչ է. «Մարտի 1-ի մեղավորները չեն թողնելու, որ Սերժ Սարգսյանի ձեռքերն ազատ լինեն, դրանք շատ ծանր խնդիրներ են»:



Անժելա Խաչատրյան
1in.am
Просмотров: 1097 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: