Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 20 » Մինչ Սերժն ու Լեւոնը մտմտում էին շախմատի տախտակի առաջ, Րաֆֆին մի քայլով երկուսին էլ մատ արեց: Խոսքն, իհարկե, էս պարտիայի մասին է, իսկ մեծ խա
00:47
Մինչ Սերժն ու Լեւոնը մտմտում էին շախմատի տախտակի առաջ, Րաֆֆին մի քայլով երկուսին էլ մատ արեց: Խոսքն, իհարկե, էս պարտիայի մասին է, իսկ մեծ խա
 Մինչ Սերժն ու Լեւոնը մտմտում էին շախմատի տախտակի առաջ, Րաֆֆին մի քայլով երկուսին էլ մատ արեց: Խոսքն, իհարկե, էս պարտիայի մասին է, իսկ մեծ խաղը դեռ չի ավարտվել: Ապշել կարելի էր, թե ինչպես դա հնարավոր եղավ մի պարզ քայլով` գնալ հացադուլի նստել ազատության հրապարակում: Արդյունքն իսկապես ցնցող էր` դատելով ՀԱԿ-ի հավաբնից բարձրացող խուճապահար կչկչոցներից ու գզգզված բմբուլներից, ծղրտացող փիդրահանների դեսուդեն նետվող ու տարբեր քննարկումներին ընդամենը ծրտոտելով մասնակցելուց:

Իհարկե, ՀԱԿ-ն ամբողջությամբ հավաբուն չի, ու հավությունն էլ սեռ չի, այլ որակ: Էնտեղ ամեն ձեւի մարդիկ կան, օրինակ` շուստրիներ, որ Րաֆֆիին, գիտե՞ք, հարգում ու գնահատում են, նենց չի, որ չեն հարգում, մեծահոգաբար թույլ են տալիս նրա քայլով ոգեւորվել` դա ձեր իրավունքն է, բայց մեկ էլ բեղերի, պասի, բարեւելու ու եսիմ ինչի մասին միթոմ կատակելով` փորձում են էդ ոգեւորությունը ծաղրի առարկա դարձնել ու Րաֆֆիի քայլի քաղաքական լուրջ նշանակությունը վերածել ֆարսի: Դե, սեղանին դրված է իշխանության հետ «արժանապատիվ գործարքի» իրենց շախմատային տեսլականը, որի անխափան իրականացմանը մրցակիցներից մաքրված «զուսպ» դաշտում, ահա, ձեռնոց նետվեց:

ՀԱԿ-ի էն համակիրները, որ հավաբնից դուրս են եկել ու հավիկների կչկչոցը դիրիժորող շուստրիների` մինի-աքլորների քյանդրբազությանն այլեւս կուլ չեն գնում, վաղուց արդեն զգում են, որ հայտնվել են էշը կորցրած գյուղացու վիճակում: Հորս սիրած պատմություններից էր, որով հեգնում էր հավային հիշողությունն ու դրա վրա հենվող ցանկացած իշխանություն: Ուրեմն, մի խեղճ գյուղացի առավոտյան, էշն առաջը գցած, անտառ ա գնում, որ ցախ հավաքի: Սաղ ճամփին տրտնջում, բողոքում ա աստծուց` էս ինչ կյանք ես տվել, օր ու գիշեր բանում եմ, բայց կին ու էրեխեքս սոված նստած են, հագներին մի շոր չկա, քրջերի մեջ են, տրեխները ծակ, կովս էլ սատկեց, էլ ոչ կաթ, ոչ բան, տանուտերն եկել եղած մի պարկ ցորենս էլ ձեռիցս առել ա, էս ա` ձմեռը դեմներս, ոչ հաց ունենք, ոչ վառելու բան, էս մի հալից ընկած էշով ինչքա՞ն պիտի ցախ կրեմ, որ ձմեռը հանենք, խեղճ հայվանի վրա էլ մեզնից բեթար հարաքյաթ չկա, էս մի էշն ա մնացել, էն էլ…

Վայ, դարդլամիշից սթափվում, տեսնում ա` ի՞նչ էշ, ի՞նչ բան, էշը չկա: Գլուխը կախ, մտքերով տարված ա եղել ու էշին կորցրել: Խելապատառ աջուձախ ա նետվում, որ էշին գտնի, էս ծառի տակ, էն ծառի տակ, էս բացատ, էն թավուտ, չկա ու չկա: Ման ա գալիս, հավար ա տալիս, մութն էլ ընկնելու վրա` որ հետ գնա, առավոտը գա, գելերն արդեն էշին կերած կլինեն: Սկսում ա ողբալ, հարայ տալ, աստծուն քոմագ կանչել, աղոթել` տեր աստված, մեռնեմ զորությանդ, էշիս գտի, էշիս հետ տուր… Ու մեկ էլ տեսնում ա` էշն էն ա, մի ծառի տակ արածում ա: Վազում, էշին ա փարվում ու արցունքն աչքերին` փառք տալիս աստծուն, շնորհակալություն հայտնում, որ էշին հետ տվեց: Էդպես ուրախ-ուրախ տուն ա վերադառնում, չի էլ հիշում, որ առավոտյան լրիվ ուրիշ բան էր ուզում աստծուց, էշը կար ու կար, հո էշը գտնելու համա՞ր չէր տնից դուրս եկել:

Էդպես էլ ՀԱԿ-ի էն համակիրները, որ հիշում են, թե պայքարի էին դուրս եկել լրիվ ուրիշ բանի` ավազակապետության վերջը տալու համար, բայց էդ պայքարի ընթացքում որոշ բաներ կորցրին, ազատության հրապարակը փակվեց, մարտի մեկ եղավ, ոմանք հայտնվեցին բանտում եւ այլն, այ էդ հիշողություն ունեցող ՀԱԿ-ականների թիվն օրերցօր աճում ա: Ու նրանք բողոքում են, որ պարզվում ա` պայքարում են հրապարակը հետ ստանալու համար: Է, որ էն գլխից հրապարակ չմտնեին, հրապարակը չէին կորցնի, որ հիմա էլ հետ ստանալը հաջողություն համարեն, հո հրապարակի համա՞ր չէին տնից դուրս եկել, որ հետ ստանալու համար փառք տան աստծուն ու գոհ-բավարարված տուն գնան: Ոչ էլ Լեւոն պապուն Սերժ պապու սեղանի դեմ նստացնելու ու շախմատ խաղալու համար, էն շախմատի, որի համար Լեւոն պապու տված ժեռտվաները փիղ ու ձի չէին, մարդ էին:

Ու հիմա էն մարդիկ, որ հանկարծ հայտնաբերել են, թե ակամա դարձել են ընդամենը շախմատի պարտիայի «զուսպ» բալելչիկներ, իսկ մինչ էդ էլ իրանք ընդամենը գործիք էին, որ հակառակը` պիտի «անզուսպ» կերպով հարձակվեին Լեւոն պապու բոլոր ախոյանների դեմ, որպեսզի դաշտը «մաքրվեր»` ըստ ամենայնի ոչ ոքիի տանող խաղի համար, էդ մարդիկ հիմա դեմքով շրջվում են դեպի հրապարակում հայտնված Րաֆֆին` որպես լուրջ այլընտրանք:

Բայց միայն նրանք չեն էդպես կողմորոշվում, այլ բոլոր էն մարդիկ, որ իշխանություններից դժգոհ են, բայց իրենց դժգոհությունը չէին ու չեն ուզում միացնել էն շարժմանը, որ Լեւոնով էր մարմնավորվում: Իսկ էդպիսիք հսկայական բանակ են, ու արդեն միայն Րաֆֆիի ցուցաբերած վճռականությունից է կախված` ինչքան կաջակցեն նրան: Էնպիսի վճռականությունից, որ ի տարբերություն Սերժ-Լեւոն փոխռեւերանսնների, կտրուկ կսահմանազատի իրեն նրանցից ու քաղաքական դիրքորոշման տարբերությունը, ինչի մասին խոսեց հենց ինքը` Րաֆֆին, կհստակեցնի:

Իսկ առայժմ կարելի է խոսել Րաֆֆու քայլի` արդեն ունեցած շատ կարեւոր քաղաքական իմաստի մասին: Այդ քայլով նա ազատագրեց ու դիրքորոշվելու հնարավորություն տվեց էն հսկայական զանգվածին, որ վախենում ու զգուշանում էր Լեւոն պապուն քննադատել, քանի որ շուստրի աքլորիկների ֆաս տված հավաբունը վրա էր տալիս ու կտցահարում, հայհոյում, մեղադրում ու սպառնում` վարկաբեկելու, խայտառակելու շանտաժներով, իբր Լեւոնին դեմ խոսողները ծառայում են իշխանությանը, ստրուկ են, կերակրատաշտակից են օգտվում ու հազար ու մի նման քֆուր-քյաֆար: Հիմա այլեւս էդ մարդիկ վախենալու բան չունեն, քանի որ իրենց քաղաքական կողմնորոշումն այլեւս հավատաքննության ենթակա չի: Րաֆֆին ալիբի է տալիս, որ իրենք իշխանությանը չեն ծառայում, այլ շախմատի փոխարեն ավելի արմատական քաղաքականությունն են ընտրում, ավելին` իրե՛նք կարող են հավաբունը թառժաժ անել էն փաստերով, որ ամեն օր «Հայլուրով» ու հանրապետականների բերանով գովերգվում են ՀԱԿ-ն ու պետության համար մտահոգ Լեւոն պապին:

Եվ միայն հենց էս մենաշնորհային ընդդիմության ծուղակի հաղթահարումը արդեն կարեւոր, ազատագրող ձեռքբերում էր, որ քաղաքականապես ձայնազրկվածներին, լեւոնական տեռորի ահու զսպվածներին դիրքորոշում արտահայտելու հնարավորություն է տալիս: Մնացածը կախված է նրանից, թե Րաֆֆին ինչպես կշարունակի գործել` ի պատասխան իր առաջացրած մեծ հույսերի:

Վիոլետ

tert.am

Просмотров: 584 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 varpet onik   (21.03.2011 05:45) [ՆՅՈՒԹ]
է, Վիոլետ ջան, օր էդքան կարևորություն կուտաս – ընչի չէս էրթա Րաֆֆիի կողքը նստիս, ըշտը իրար լավ էլ կսազեք:
մէնակ, սիրուն ջան, հանկարծ դու էլ պէխէրդ չ՝թրաշես…

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: