Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 29 » Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա անկախության իրավունք
11:52
Կոնստանտին Զատուլին. Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա անկախության իրավունք

«Ինձ համարում են հարավի մարդ: Ես կովկասյան ազգության ռուս մարդ եմ: Փորձում եմ հաճախ լինել Հայաստանում, Աբխազիայում, Օսիայում, Լեռնային Ղարաբաղում», - այսպես սկսեց զրույցը NEWS.am-ի թղթակցի հետ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նրա գնահատականն անցնող տարվա վերաբերյալ.

«2010 թվականը Հարավային Կովկասում նշանավորվեց տարաբնույթ միտումներով: Շարունակվեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի զարգացումը: Երկու հանրապետությունները երկկողմ պայմանագրեր կնքեցին Ռուսաստանի հետ: Կարգի բերվեցին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանները Վրաստանի հետ: Միեւնույն ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին կարողացավ ներքաղաքական իմաստով հաղթահարել 2008-ի պատերազմի հետեւանքները: Նա համոզեց Արեւմուտքի մի շարք մարդկանց, որ ավելի էժան կլինի աջակցել իրեն, քան  դեկորացիաների նոր փոփոխություն անել: Վրաստանը նաեւ սկսեց սիրաշահել Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին` աջակցելով անջատողական տրամադրություններին: Չերկեսների եւ ադիգների ցեղասպանության ճանաչման արշավ է գնում: Վրաստանը Հյուսիսային Կովկասի բնակիչների համար վերացրել է վիզային ռեժիմը: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի անուղղակի աջակցությամբ փորձ է արվում ապակայունացնել Աբխազիայի հասարակությունը: Վրաստանը ակտիվանում է, սակայն իրադարձությունները կանխատեսելի էին: Ռուսաստանն իր գործողությունների տրամաբանության մեջ շարունակեց աջակցել Աբխազիայի եւ Հարավային Օսիային` ներդրումային, ռազմական, տնտեսական, մշակութային ոլորտներում, իսկ Վրաստանը փորձում է բաժանիր, որ տիրես սկզբունքը գործադրել», - ամփոփեց Զատուլինը:

Հարավային Կովկասի համար ամենատագնապալի թեման Զատուլինը համարում է ղարաբաղյան հակամարտությունը:

«Լարվածության կտրուկ աճը, զինադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները ղարաբաղյան հակամարտությունը դարձրել են առաջնային թեմա: Դրա նախաձեռնողն Ադրբեջանն էր: Այդ մասին վկայում են բազմաթիվ փաստեր, այդ թվում Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը: Ադրբեջանը հակամարտության կարգավորման սպասումների պայթյուն ապրեց, սակայն ֆիասկոյի ենթարկվեց: Արդբեջանում այնպիսի ալիք բարձրացվեց, որից հետո հայտնվել են փակուղիում: Իրավիճակի հետագա էսկալացիան կարող է հանգեցնել ռազմական գործողությունների, եւ ապացուցված չէ, որ դրանք կլինեն ի շահ Ադրբեջանի: Միայն հետեւանքները կլինեն անխուսափելի: Ադրբեջանի դիվանագիտական ճնշման եւ ռազմաշունչ հռետորության ու քարոզչության, ռազմական սադրանքների եւ սպառնալիքների  մարտավարությունն այժմ ճգնաժամ է ապրում: 2011-ը ցույց կտա, թե որքանով Ալիեւը կկարողանա դիմանալ դրան: Հայաստանի վրա ճնշում գործադրելու ալիեւյան կոչը եւ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, ոչ մի արդյունք չտվեցին: ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանին ոչ ոք չդատապարտեց, իսկ Ադրբեջանը ոչ մի առաջընթաց չունեցավ: Իսկ WikiLeaks-ի բացահայտումները ստիպեցին Բաքվին արդարանալ բազմաթիվ դերակատարների առջեւ, բարդացան հարաբերությունները Թուրքիայի հետ: Ադրբեջանը մի կողմից ցանկանում է եվրոպական արժեքներով ապրող ժողովրդավարական երկիր երեւալ, իսկ մյուս կողմից վարում է զուտ արեւելյան քաղաքականություն. մտածում է մի բան, ասում է մեկ այլ բան եւ անում է երրորդը: Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ կարելի է միայն ուժող, պատերազմով, որը պարտադիր չէ, որ ավարտվի Ադրբեջանի օգտին: Ադրբեջանի քաղաքական կայունության աստիճանը վաղուց ոչ ոք չի ստուգել, իսկ պատերազմը կարող է հանգեցնել ներքաղաքական ցնցումների: Հենց պատերազմական տարիներին է Ադրբեջանում տապալվել նախագահ ու իշխանափոխություն եղել»,- հիշեցրեց Զատուլինը:

Ադրբեջանը նաեւ բացասական ազդեցություն է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

«Հենց Բաքուն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման մեղավորը: Բաքվի ճնշման տակ Թուրքիան տատանվեց, հրաժարվեց գրավիչ հեռանկարից: Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիայում դիտարկվում էր որպես Հայոց ցեղասպանության ճանաչման այլընտրանք, Եվրոպայի աչքին նոր կերպարանք ստանալու հնարավորություն, Եվրամիության անդամակցության ճանապարհին խնդիրներից մեկի լուծում, սակայն ադրբեջանական շանտաժն ու ճնշումն իրենց գործն արեցին: «Երկու երկիր - մեկ ժողովուրդ» գաղափարախոսությունը համապատասխանում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վարչակարգին, որն այս դեպքում եվրոպական արժեքներին նախընտրեց համամուսուլմանական ու համաթյուրքական համերաշխությունը», - ասաց Զատուլինը:

Խոսելով Հայաստանի մասին` ԱՊՀ Ինստիտուտի տնօրենը նշեց, որ երկիրը գտնվում է բարդ վիճակում:

«Հայաստանը տագնապ է ապրում եւ ստիպված եղավ պաշտոնական մակարդակով արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը: Հայաստանում խնդիր կա` ներքին մանեւրի սահմանափակություն: Եթե Ադրբեջանում ընդդիմության կարծիքը կարելի է հաշվի չառնել, իսկ ղարաբաղյան հարցում այն համերաշխ է իշխանության հետ, ապա Հայաստանում ավելի բարդ խաղ է գնում: Ընդդիմությունը բոլոր ուժերով փորձում է թույլ չտալ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը: Ներքաղաքական լարվածությունը Հայաստանի իշխանություններին չի տալիս արտաքին քաղաքական մանեւրի դաշտ: Հայաստանն ուղղակի պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ. Իրանի հետ Հայաստանն ունի կենսականորեն կարեւոր սահման, առանց ԱՄՆ-ի աշխարհում ոչինչ չի արվում, Թուրքիայի հետ Հայաստանը փորձում էր հարաբերություններ հաստատել, Վրաստանի միջոցով նույնպես փորձում են ազդել Հայաստանի վրա», -ամփոփեց ռուս պատգամավորը:

«Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա անկախության իրավունք: Միեւնույն ժամանակ պետք է շրջանները վերադարձվեն Ադրբեջանին: Այս երկու հիմնարար խնդիրները պետք է լուծել: Այնուհետեւ կծագեն այլ խնդիրներ. խաղաղարար գործողություն, դրա բնույթը, խաղաղարար ուժերի կազմը, փախստականների վերադարձ, փոխհատուցումներ, բայդ դրանք հարցեր են, որոնք ստորադասված են հիմնարար խնդիրներին: Միակ ելքը խաղաղությունն է հողերի դիմաց: Մյուս բոլոր փորձերը` լինել որեւէ մեկի կողմից գաղափարապես սխալ են եւ անհեռանկարային: 2011-ին զգուշանում եմ պատերազմից: Ամենակարեւորը` պատերազմ չլինի: Ես շատ եմ անհանգստանում գարնան եւ ամռան համար, բայց հույս ունեմ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ չեն լինի: Երկրորդը` ես շատ կուզեի, որ մի օր հաղթեր իրատեսական, այլ ոչ թե գաղափարախոսության գերի մոտեցումը: Իհարկե, դա 2011-ին չի լինի, բայց հուսով եմ մի օր դա տեղի կունենա», - եզրափակեց Կոնստանտին Զատուլինը:


NEWS.am


Просмотров: 462 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: