Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 2 » Հնարավորությունների խնդիրը
01:14
Հնարավորությունների խնդիրը
 «ԵրևանՋուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմել ջրի սակագինը հունիսի 1-ից 6 դրամով նվազեցնելու մասին: 
Կասկած չկա, որ հանձնաժողովը բավարարելու է այդ հայտը: Օրերս էլ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է էժանացնել սոցիալապես անապահով խավերի համար գազի գինը` «ՀայՌուսգազարդ» ընկերությանը դիմելով, որ այդ խավերից գազի համար գանձի ոչ թե 132, այլ 100 դրամ: Պաշտոնյաներն էլ` վարչապետ, անգամ ԱԺ նախագահ, նախարարներ, այս օրերին գյուղերից տուն չեն գալիս, գյուղացիներին խոստումներ են տալիս թե այս կանեն, այն կապահովեն, ոռոգման ջրի գնի մոտ 60 տոկոսը կառավարությունը որոշել է իր վրա վերցնել, եթե ձեռքներից գա կամ ավելի ճիշտ` եթե պետք լինի, նաև գյուղացու համար կաշխատեն` կա՛մ հողի աշխատանքում կօգնեն, կա՛մ էլ տանը կդիմավորեն նրան, կօգնեն լվացվել, հանգստանալ, ճաշ կմատուցեն, երեկոյան թեյ կտան: 

Հայաստանի իշխանությունը դարձել է հուրի-փերի կամ դառնում է: Պարզ է, թե ինչու` մոտ մեկ տարի անց ընտրություն է` խորհրդարանի ընտրություն: Ավելին` չի բացառվում նույնիսկ, որ իշխանությունն այժմ ոչ թե մեկ տարի անց կայանալիք ընտրությանն է պատրաստվում, այլ արտահերթի, որն ինքն էլ դեռ չգիտե, թե երբ կարող է տեղի ունենալ: Բայց բոլոր դեպքերում պատրաստվում է, ինչպես հայտնի անեկդոտում. կոլխոզի նախագահը աշխատակցուհիներին ասում է, որ քաղաքից գալու են ինտերվյուի: Աշխատակցուհիները խառնվում են իրար, չգիտեն ինչ անեն, ինչ է դա, ինչ են անելու իրենք, ինչ են անելու իրենց: Նրանք փորձում են պարզել նախագահից, թե ինչ ասել է ինտերվյու և ինչ է տեղի ունենալու: «Չգիտեմ, բայց բոլոր դեպքերում լողացեք և ներքին սպիտակեղենն էլ փոխեք»,- ասում է կոլխոզի նախագահը: Իշխանությունը ամենայն հավանականությամբ չգիտե, թե երբ է լինելու ընտրությունը` հերթականի, թե արտահերթի ժամանակացույցով, բայց բոլոր դեպքերում արդեն իսկ սկսել է լողանալ և փոխել սպիտակեղենը: Թեև, ավելի ճիշտ կլինի ասել, որ իրականում իշխանությունը ոչ միայն ինքն է լողանում, այլ նաև հասարակությանն է սկսել լողացել խոստումների և անհասկանալի էժանացումների մեջ, կամ էլ եթե չի էլ լողացնում, ապա առնվազն լվանում է գլուխները: 

Հարց է առաջանում, թե օրինակ` այդ ի՞նչ պատահեց, որ «ԵրևանՋուրը» սկսեց մտածել սակագին էժանացնելու մասին: Պարզ է, որ «ԵրևանՋուրը» ֆորմալ առումով քաղաքականության հետ կապ չունի, բայց, մեղմ ասած, շատ հետաքրքիր է, որ հենց քաղաքական ներկայիս բուռն գործընթացների ժամանակ հանկարծ ընկերությունը որոշեց գին էժանացնել: Կամ` այդ ի՞նչ ռեսուրսների հաշվին է կառավարությունը կամ «ՀայՌուսգազարդը» գազ էժանացնում սոցիալապես անապահով սպառողների համար: Խոսքը 60 հազար ընտանիքի մասին է: Եթե ամեն ընտանիք առնվազն հաշվենք երկու անձով, իսկ իրականում սոցիալապես անապահով ընտանիքները, որպես կանոն, ավելի բազմանդամ են լինում, հետևաբար կարելի է պատկերացնել, որ կառավարությունն այդպիսով առնվազն մոտ 200 հազար ձայնի համար է փորձում պայքարել: Մինչդեռ ո՞վ է վճարելու այդ պայքարի գինը: Ի՞նչ միջոցով է փոխհատուցվելու իշխանության այդ էժանագին քայլը: Լավ է, եթե երկրում որևէ բան էժանանում է, թեկուզ ոչ համատարած, այլ միայն սոցիալապես անապահով խավի համար: Բայց պետք է այդ ամենը հասկանալի և թափանցիկ լինի ամբողջ հասարակության համար, որ մարդիկ հասկանան, թե այդ ի՞նչ ռեսուրսներով է իշխանությունը սոցիալապես անապահով խավերին լավություն անում: 

Առավել ևս, որ Հայաստանում ներկայում սոցիալ-տնտեսական իրավիճակի ծանրության կենտրոնը ամենևին էլ գների աճը չէ: Գնաճն, իհարկե, շատ վատ հետևանք է թողել այդ վիճակի վրա,- մարդիկ հազիվ հացի փող են հասցնում,- բայց խնդիրն այն է, որ միայն գները նվազեցնելով սոցիալական հարցերը չեն լուծվում, իրավիճակը չի բարեփոխվում, քանի որ խնդիրը Հայաստանում շատ ավելի խորն է: 

Խնդիրը Հայաստանում այն է, որ մարդիկ զրկված են իրենց ստեղծագործական պոտենցիալն իրացնելու հնարավորությունից: Նրանք ներկայումս աշխատանք չունեն, եկամտի կայուն և քիչ թե շատ կանխատեսելի աղբյուրներ չունեն, հետևաբար անգամ էժան գները նրանց համար այսօր քիչ մատչելի են: Ավելին, Հայաստանում այսօր աշխատանք ունեցողներն էլ իրավունքից են զրկված, թեկուզ հենց որպես աշխատող գործատուի հանդեպ ունեցած իրենց իրավունքներից, երբ ասենք` հավելյալ աշխատաժամի համար պետք է հավելյալ վճարվեն, երբ պետք է գործատուն նրանց հանդեպ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի: Դրան հակառակ, ներկայումս օրենք են քննարկում, որ շաբաթ օրերը Հայաստանում աշխատանքային օր ճանաչվի, որ գործատուներն արդեն օրինականորեն հնարավորություն ստանան չվճարել իրենց աշխատողներին շաբաթ օրերի համար, այսինքն` շահագործման օրինական իրավունք են ստանում գործատուները: Իսկ գործատուները, ինչպես գիտենք, հենց իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ օլիգարխներն են կամ էլ նրանց հովանավորությամբ գործող դրածո գործարարները: 

Այդ հարցերն են այսօր Հայաստանի հրատապ հարցերը, որոնք պահանջում են շուտափույթ կարգավորում, այլապես երկիրն իրականում հայտնվել է ճահճում, իսկ պոպուլիստական էժանացումները էլ ավելի են խորացնում այդ ճահիճը` ընդամենը զգայական, էմոցիոնալ մակարդակով փորձելով ազդել ընտրողի ինքնագիտակցության վրա: Եվ այդ խնդիրը անհրաժեշտ է անընդհատ բարձրացնել, իշխանության քարոզչական մանիպուլյացիաների դիմաց անընդհատ դնել Հայաստանի իրական խնդիրները, որոնք հասարակությանը թույլ չեն տալու ապրել անգամ էժան գների, անգամ նույնիսկ ձրիության պայմաններում, որովհետև ցանկացած մարդու համար ամենակարևորը սեփական կարողությունների ազատ իրացման հնարավորության ապահովումն է: Այլապես ինչ-որ էժանացումներով, եթե հնարավորությունների ֆունդամենտալ հարցը չի լուծվում, իշխանությունն ընդամենը հերթական անգամ հասարակությունից գնելու է նրա ազատությունն ու արժանապատվությունը, իսկ հասարակությունն էլ կամա, թե ակամա, հերթական անգամ սիրահոժար վաճառելու է այն: 

Այդ արատավոր շրջանի կրկնությունը բացառելու համար շատ կարևոր է պարբերաբար, հետևողականորեն, հստակ և շատ պարզ բարձրացնել Հայաստանի ներկայիս վիճակի հիմնարար պատճառ հանդիսացող խնդիրները և իշխանությունից հասարակության առաջ պատասխան պահանջել առաջին հերթին հենց այդ խնդիրների լուծման համար:


1in.am
Просмотров: 534 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (02.04.2011 10:50) [ՆՅՈՒԹ]
Դրանց համաշխարհային կառավարությունը կայացնելու հիմնական կարգախոսը "Պայքար մինչեւ վերջն"-ն է, այնպես, որ մի շտապեք բարեկեցիկին համապատասխանող հետեւություններ անել, ուղղակի ներկա իրադրությունը ստիպում է իրենց իսկ Լենինի "մի քայլ առաջ երկու քայլ հետ" թեզով ժամանակավորապես ուղղորդվել:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: