Համահայկական թողտվությամբ Ջավախքը օտարվում է արմատներից - 22 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 22 » Համահայկական թողտվությամբ Ջավախքը օտարվում է արմատներից
12:58
Համահայկական թողտվությամբ Ջավախքը օտարվում է արմատներից
 

Խաղաղ, բարեկեցիկ ու ազատ ստեղծագործական կյանքով ապրելու իրավունք տրված է բոլոր ազգերին` անկախ կրոնական կամ ռասայական պատկանելիությունից: Եթե սերունդներին ժառանգաբար չի փոխանցվում այդ իրավունքը, ապա նրանք անընդհատ պայքարում են այն ձեռքբերելու համար: Ապրել աշխատելու, ստեղծագործելու, սիրելու համար, սա է մարդկության արդարացված ու անբեկանելի պահանջը քաղաքակիրթ աշխարհից: Հայրենիքից բռնազատված, հարազատ հողում ազգային փոքրամասնության կարգավիճակում հայտնված Ջավախքն այս օրերին ընկրկում իր պայքարից ու հայտնվում ժամանակի առաջադրած սպառնալի իրադարձությունների հորձանուտում: 

Համահայկական թողտվության պատճառով Ջավախքը, ճակատագրի հեգնանքին դատապարտված, օտարվում է արմատներից, կորցնում` ազգային նկարագիրը: «Քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ անցյալի հուշերով ապրող հասարակության եւ հոգեւոր, մշակութային կյանք ասվածի միջեւ գոյացած վիհն ահագնանում է, վերածվում` անդունդի: Հայրենի հողում ինքնադրսեւորումը բացառվում է, (վրա՞ց) իշխանական նոր վարչակարգը, գերակա դարձնելով սահմանադրությունը, ամեն ինչ անում է երկրում միջազգային իրավունքը ազգային փոքրամասնություներին անհասանելի դարձնելու համար: Իրավիճակ, որտեղ հանդուրժողները բռնել են «ինքնակործանման», չհանդուրժողները` արտագաղթի ճանապարհը: Իսկ թե ի՞նչ նպատակով են Վրաստանի պետական նշանակության բոլոր ճանապարհները հիմնովին նորոգվում, արդեն պարզ է։

Ճանապարհաշինարարությո՜ւն. ակամա հիշեցի Պաուլ Ռոռբախին1, նրա «Բաղդադի երկաթուղի» աշխատությունը, որքա՜ն նմանություն եւ զազրելի ընդհանրություն կա նրա ու վրաց իշխանավորների դիվային ծրագրերի միջեւ: Առկա է միայն մի տարբերություն` վերջիններս «բավական քաղաքակիրթ են». առանց արյունահեղության, մարդկային մեծաթիվ զոհերի ճանապարհ են «հարթում» երկրի էթնիկ բնակիչներից ձերբազատվելու համար: Դիվանագիտական զգուշավորությամբ, սոռոսյան միջոցները չխնայելով, վրաց իշխանությունը «Ջավախքն առանց հայերի» ծրագրի խոչընդոտներն է «հարթում»: Գլխագիր նպատակը վրացերենը հայերենի կոկորդում խցկելն էր: Դա նրանց հաջողվեց: Մյուսը` հանդուրժողներին հասարակությունից «յուրովի մեկուսացնելը», մնացածներին` չհանդուրժողներին, երկրից հեռացնելը: Անցյալ տարի մեկնարկեց եւ մինչեւ ուշ աշուն «միջպետական բարեկարգ ճանապարհներ» անվան տակ նորոգվում էին Վրաստանի սահմանամերձ ճանապարհները, որոնց անմիջական մասնակիցն ու կրողը Ջավախքն էր: Եթե ոչ շնորհակալ լինելու, ապա դժգոհելու առիթ թերեւս չպետք է ունենանք` հիշելով Ջավախքը Հայաստանին, Ախալքալաքը Ախալցխային կապող անմխիթար ու անբարեկարգ մայրուղիները: Շինարարական կազմակերպությունները, կառավարության հանձնարարությամբ, տեղաբնակ հայերի հավանական դժգոհության ալիքը կանխելու համար, ճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավեցին միայն բեռնատար մեքենաներ ունեցող հայերին: Այլ ելք չէր մնում` աշխատել վրացիների, հույների եւ Թուրքիայից բերված (Սամսուն) թուրքերի հետ, քանի որ չնչին վարձավճարով աշ‏խատանքն անգամ ձեռքբերում է: Չունենալով արդյունաբերական, գիտատեխնիկական ձեռնարկություններ` Ջավախքի հույսը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն էին, որոնք վերջին տասնամյակների ընթացքում այդպես էլ չունենացան զարգացման հեռանկարներ խոստացող ներդրումային ծրագրեր: Եկամտի հուսալի աղբյուր շարունակում է մնալ ռուսաստանաբնակ ազգականների օգնությունը, քանի որ սեփական միջոցներով անկարելի է դիմակայել կենսաապահովման նվազագույն խնդիրներին: Ռուսաստանում աշխատանք ձեռք բերելը դարձել է անկատար երազ, իսկ Վրաստանում ղեկավար պաշտոնը ցմահ անհասանելի է ջավախքցու համար, բացառությամբ, եթե ազագանունը փոխում է` ազգանվան մեջ իսպառ բացառելով հայկական արմատը:

«Միջպետական» անվանում ստացած բարեկարգ ճանապարհները «ծառայեցին» իրենց նպատակին: Նորոգ ճանապարհների չարիքը սարերի հետեւում չէր, իրեն սպասել չտվեց. աշնանն արդեն, արդյունքն ակնհայտ էր` թուրքերի աննախադեպ շարժ նկատվեց Ջավախքում: Ո՞վ է հիշում, վերջին անգամ, ե՞րբ են նրա այստեղ երեւացել: Թուրքիայից թուրք առեւտրականները ազատ, անկաշկանդ ելք ու մուտք են անում հայաշատ քաղաքներում ու գյուղերում, լեզվական խնդիրը` հայերեն չիմանալը, հաղթահարում են սակարկման թվերը թղթին գրելով: Թուրքիայից Ջավախքին «մատակարարվում է» հագուստ, տնտեսական արտադրության անհրաժեշտ ապրանքներ, իսկ Ադրբեջանից` սննդամթերք, որի որակի, պիտանելիության ժամկետի մասին խոսելն անիմաստ է: Անորակ սննդի օգտագործման արդյունքում ի հայտ են գալիս նորանոր հիվանդություններ, որոնց ախտորշումը բարդ է, բուժումը` թանկ2:

Վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնվել է` Ադրբեջանը թմրաբիզնեսի տարանցիկ երկիր է: Փաստի վերահաստատումը թարմ է եւ այլեւս` ոչ պետական գաղտնիք3: Վրաստանի տնտեսական, քաղաքական հարաբերությունները Ադրբեջանի հետ գնահատվում են բավարար եւ «կառուցողական»: Վերջինիս «հրամցրած բարիքներից» անվերապահորեն օգտվում են մայրաքաղաք Թբիլիսիում, հարակից շրջաններում, քաղաքներում ու գյուղերում, թմրանյութի օգտագործումը երկրում տարածական ընդգրկում է ստանում: Նորոգ ճանապարհների չարիքը չուշացավ. թմրանյութը Ջավախք էլ հասավ: Մարդկային կամքին, բանականության բռնացող մեծագույն չարիքը, որ բառացիորեն, բոլոր առումներով, կործանում է մարդուն, դժբախտաբար, չշրջանցեց հայ երիտասարդներին: Մի բան, որ երբեւէ չէր եղել: Սա մեծագույն ողբերգություն է Ջավախքի համար, որ ստվերում է մոնղոլ-թաթարների, սելջուկ թուրքերի ավերն ու բռնությունը, վրաց-թուրքական, վրաց-ռուսական պատերազմները, սովն ու համաճարակը: Մի՞թե սա Ջավախքի հայաթափման, «հայասպանման»` ազգային գենոֆ‎ոնդի խեղման ծրագրի մի մասը չէ: Իրավիճակ, որի հանդուրժողները բռնել են աշխատանք ու զբաղմունք չունենալու, անհանցանք ինքնադատաստանի` «ինքնակործանման» ճանապարհը: 

Իսկ մե՞նք: Մենք շա՜տ ուշացանք։

Ճանապարհների նորոգումը Ջավախքի հայաթափման վերջի սկիզբն է. մայրենիից, մշակույթից, ազգային ավանդույթից, արվեստից, գիտությունից կտրելը ի՞նչ է ջավախքցու համար, եթե ոչ մշակութասպանություն` մահ: Աղջիկ փախցնելու դարավոր ավանդույթը փորձանք է դառնում ավանդապահ հայի համար. անհամաձայնության դեպքում տղայի հարազատները պարտավորվում են 2500 լարի տուգանք մուծել, իսկ սիրահարված ու մերժված պատանուն սպասվում է հինգ տարվա ազատազրկում…: Ջավախքի հայրենասեր ու կենսախինդ երիտասարդները հայտնվում են իրավապահների խիստ հսկողության ներքո, անհեթեթ մեղադրանքով անգամ կարող են գյուղի մեջտեղում (Ծալկայի գյուղերից մեկում), օրը ցերեկով ծեծել իրենց ընդիմացող հայ երիտասարդին, ապա կիսամեռ թողնել գյուղի մեջտեղում եւ 7000 դոլլար պահանջել նրա հարազատներից կիսակենդան երիտասարդին իրավապահ մարմինների չհանձնելու համար: Չհանադուրժողները բռնում են արտագաղթի ճանպարհը:

Մենք նրանց ի՞նչ իրավունքով ետ դարձնենք:

Օրերս Վրաստանի մշակույթի նախարար Ռուրուան հայտարարեց, որ պատրաստվում են Թուրքիային թույլատրել մզկիթ կառուցել Բաթումի քաղաքում, եւս մեկ թուրքական մզկիթ էլ բնիկ հայկական Սամցխե-Ջավախքի շրջանում` Ախալցխայում: Ժամեր անց իր ծանրակշիռ եւ հիմնավոր դժգոհությունը հայտնեց վրաց պատրիարքը: Հայաստանի պետական պատկան մարմիներից, անգամ Մայր աթոռի մամլո դիվանից մի ծպտուն դուրս չելավ, բացառությամբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ ծագումով ջավախքցի ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի եւ Ազգային նոր պահպանողական շարժման, որը 27 հասարակական կազմակերպությունների անունից իր զայրույթն արտահայտեց վրաց իշխանություններին: 

Եթե անգամ վրաց-թուրքական բանավոր համաձայնությունը իրականություն չդառնա4, դա Հայաստանի արձագանքը ստուգելու աննշան փորձ էր: Իսկ մե՞նք: Մենք քարի պես լուռ էինք, բերդի պես` անառիկ, մեր զգացմունքները` անխոցելի…: Չգործած մեղքի ու հանցանքի համար ջավախքցին արժանի չէ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կողմից այս աստիճան արհամարհական անտեսումի:

Հարյուրամյակների ընթացքում արդար քրտինքով վաստակած ջավախքցու արժանապատիվ վեհությունը, կերտած փառահեղ անցյալը, ի դեմս մտավորականների ու արվեստագետների աստղաբույլի, ստեղծած լուսեղեն գոհարները, այն ամենը, ինչը հայկական է Թուրքիա-Ջավախք-Վրաստան-Ադրբեջան տարանցիկ ճանապարհին ոտնատակ ու ոտնակոխ են լինելու: Մնում է հուսալ, որ իրականություն չի դառնա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծի կործանարար նախագիծը. դա կլինի «Բաղդադի երկաթուղու» վերջին կայարանը:

Նորոգ ճանապարհների չարիքը հղի է նոր սպառնալիքներով. թույլ չտանք, որ Ջավախքը դառնա մի նոր Նախիջեւան.

Ջեմմա Բաղդադյան «Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

Ծանոթագրություն

1. Ռորբախ Պաուլ, գերմանացի քաղաքական եւ հասարակական գործիչ: Գերմանա-հայկական ընկերության նախագահի տեղակալներից: Գրել է մի շարք աշխատություններ՝ նվիրված Մերձավոր Արեւելքում Գերմանիայի քաղաքականությանը, որոնցում գնահատել է Արեւմտյան Հայաստանի նշանակությունը Գերմանիայի տնտեսական եւ քաղաքական շահերի տեսանկյունից: «Բաղդադի երկաթուղի» (1902) աշխատության մեջ հիմնավորել է այդ շինության նշանակությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում Գերմանիայի նվաճողական քաղաքականության դիրքերից, նշել Արեւմտյան Հայաստանով այն անցկացնելու նպատակահարմարությունը, որը կնպաստեր այդ տարածաշրջանում Գերմանիայի ազդեցության ամրապնդմանը: Ռորբախը գրել է. «Նա ով տիրում է Հայաստանին, անմիջականորեն տիրում է ինչպես Փոքր Ասիայի արեւելյան մասին, այնպես էլ Միջագետքին»։ Ընդգծելով այն կարեւոր նշանակությունը, որ ուներ Հայաստանը Օսմանյան կայսրության համար, Ռորբախը շեշտել է, որ «Թուրքիան թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական առումով կկորցնի իր կենսունակությունը հենց որ կորցնի Հայաստանը, հատկապես եթե այն կորցնի հօգուտ Ռուսաստանի» (նույն տեղում, էջ 62): Ելնելով դրանից՝ Ռորբախը դեմ էր Արեւմտյան Հայաստանի անկախությանը, պաշտպանել է այնտեղից հայերի տեղահանության մասին Թուրքիայի իշխող շրջանների ծրագրերը: Նշել է, որ «Արեւմտյան Հայաստանից պետք է դուրս անել բնիկ հայերին», իսկ նրանց տեղում բնակեցնել Թրակիայից եւ Ռուսաստանից բերված մահմեդականների: Եթե այդպես վարվեին, ապա Հայաստանը մեկ հարվածով կպոկվեր Ռուսաստանի ձեռքից»: Ռորբախն առաջարկել է արեւմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր «ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ: Տես, «Ուխտ Արարատի» թիվ3(14), էջ 18:

Մեկ դար անց Ռորբախի մասամբ չիրականացված ծրագրին նորիվ ընթացք է տրվում. այս անգամ վրացական գործոնի միջոցով, թիրախ է ընտրված Ջավախքը: 2. Հայաստանյան բուժհաստատություններ դիմող ջավախքցիները ընդունվում են որպես օտար երկրյա քաղաքացիներ, նրանց բուժօգնությունը, բուժզննումը եւ բուժումը, Հայաստանի քաղաքացիների համեմատ, կատարվում է կրկնակի արժեքով, այնքան թանկ է, որքան Վրաստանում: Մինչդեռ, նկատի ունենալով Ջավախքի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ՀՀ կառավարությունը համապատասխան հանձնարարական պետք է տա ՀՀ առողջապահության նախարարությանը, որ ջավախքցիները ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներով բուժում ստանան: Քանի որ հարցի լուծումը օրենքի ուժ չունի Հայաստանում, ապա Ազգային ժողովի հերթական նիստերից մեկում պետք է խնդիրը բարձրաձայնել եւ պահանջել, որ այն ամենասեղմ ժամանակում օրենքի ուժ ստանա եւ դառնա կիրառլի պետական բոլոր բուժհաստատություններում:

3. Օրերս դա վերահաստատեցին միջազգային կառույցներն ու կազմակերպությունները` Թմրանյութերի վերահսկողության ՄԱԿ-ի միջազգային կոմիտեն, Մաքսային միջազգային կազմակերպությունները, որոնց վերահաստատեց Wikileaks-ը:

4. Գիտենալով, թե որքան աստվածասեր ու աստվածապաշտ է վրաց ժողովուրդ, համոզված եմ` պատրիարք Իլիա Երկրորդը, թիկունքում ունենալով միլիոնավոր հավատացյալների աջակցությունն ու զորակցությունը, դա թույլ չի տա: 










nt.am
Просмотров: 266 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: