Եվրառասի՞զմ, թե՞ եվրաանտարբերություն - 10 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10 » Եվրառասի՞զմ, թե՞ եվրաանտարբերություն
17:11
Եվրառասի՞զմ, թե՞ եվրաանտարբերություն
Արտաքուստ բավականին հետաքրքիր մարդիկ են այս եվրաչինովնիկները: Նրանք երբեք հստակ ու ամբողջական որեւէ հաշվետվություն չեն ներկայացնում: 

Մի 5-6 տարի առաջ, երբ ՀՀ-ում 3-4 հակակոռուպցիոն մարմին ստեղծվեց` հենց եվրաչինովնիկների պահանջով եւ նրանց անմիջական «մոնիտորինգի տակ», այս մարդիկ գալիս էին, ամրագրում որոշ առաջընթաց` շեշտելով սկսածը շարունակելու իշխանությունների պատրաստակամության կարեւորության մասին եւ գնում: Մի քանի տարի շարունակ նրանք արձանագրում էին առաջընթաց այս ոլորտում: Այնուհետեւ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ` իրենց իսկ արձանագրած հաջողությունների համար ստանում էին բավականին բարձր աշխատավարձ եւ գնում վաստակած հանգստի կամ տեղափոխվում այլ աշխատանքի մեզ նման թշվառ մեկ այլ երկրում: Նրանք չէին կարող առաջընթաց չարձանագրել, քանի որ իրենց երկրում կհարցնեին` բա ինչո՞ւ են աշխատավարձ ստանում: 

«Հակակոռուպցիոն» եվրաչինովնիկներից, բարեբախտաբար, ազատվեցինք, բայց ՀԲ-ի, ԱՄՀ-ի եւ նրանց ավելի փոքր մոդելի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) չինովնիկներից ու նրանց երկիմաստ հաշվետվություններից դեռ երկար ժամանակ չենք ազատվի: Նման մի հաշվետվություն` «Անցումային շրջանի զեկույց» վերնագրով, երեկ Երեւանում ներկայացրեց ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը: Այդ հաշվետվությունում (եւ դոկտորի խոսքում) կարելի է գտնել ՀՀ տնտեսության ամենաարատավոր երեւույթների նկարագրությունը, ՀՀ կառավարության ուղղակի քննադատությունը եւ միաժամանակ «բարեփոխումներ սկսած եւ շարունակող» այդ նույն կառավարության գովքը: Այս տեսակետից զեկույցը բացարձակապես չի տարբերվում ո՜չ 1, ո՜չ 5, ո՜չ 10, ո՜չ էլ 15 տարի առաջվա համապատասխան զեկույցներից: Օրինակ` զեկույցի ամփոփագրում ՀՀ վերաբերյալ հատվածում ասվում է հետեւյալը. «Հարկ է բարելավել ժողովրդավարության ամրապնդմանն ու օրենքի գերակայության կիրառմանն ուղղված քայլերը: Չափազանց շատ բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիան, վատ հարկային վարչարարությունը դեռեւս խոչընդոտում են բիզնեսների ընդլայնմանը»: Ե՜վ բյուրոկրատական քաշքշուկը, ե՜ւ կոռուպցիան, ե՜ւ վատ հարկային վարչարարությունը բնորոշումներ են, որոնք ուղղակիորեն վերաբերում են գործող կառավարությանն ու իշխանություններին: Բայց այս նախադասությունից անմիջապես հետո ՎԶԵԲ-ն սկսում է մեր կառավարության գովքը` կապված հենց այդ նույն` բիզնես միջավայրի իրավիճակի հետ: «ՀՀ կառավարությունը վերջերս մշակել է մի շարք բարեփոխումներ` միտված ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավմանը: ՎԶԵԲ-ը խրախուսում է կառավարությանը` շարունակել եւ արագացնել այս բարեփոխումների իրականացումը»,- նշված է զեկույցի ամփոփագրում: Այնուհետեւ մի քանի նախադասություն հետո ասվում է, թե եթե հանկարծ կառավարությունները հենց հիմա բարեփոխումներ չանեն, շատ վատ կլինի: «ՎԶԵԲ երկրների կառավարությունները կվտանգեն երկարաժամկետ աճը, եթե խուսափեն էական բարեփոխումներ իրականացնել մի ժամանակաշրջանում, երբ երկրները վերականգնվում են համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո»: Հարց է առաջանում, եթե մեր կառավարությունը «մի շարք բարեփոխումներ» է իրականացնում, էլ ի՞նչ կարիք կա հիշեցնել, թե այ, եթե չանեք բարեփոխումներ, «հնարավոր չի լինի վերադառնալ նախաճգնաժամային աշխուժությանը»: 

Կամ եկեք մի քիչ մտածենք հետեւյալ նախադասության շուրջ: «Չնայած կառավարության իրականացրած հաջողված հակաճգնաժամային քաղաքականությանը, որը միտված էր փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) վարկավորումը խթանելուն, վերջիններիս համար վարկավորման հասանելիությունը դեռեւս սահմանափակ է»: Այս նախադասությունով ՎԶԵԲ-ը 3 միտք է ասում` առաջին` կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը ուղղված էր ՓՄՁ-ների վարկավորումը խթանելուն, երկրորդ` այդ քաղաքականությունը, այսինքն` ՓՄՁ վարկավորումը խթանելը, հաջողվել է, երրորդ` ՓՄՁ-ների համար վարկավորման հասանելիությունը սահմանափակ է: Երրորդ միտքը ակնհայտորեն հակասում է երկրորդին, որովհետեւ եթե ՓՄՁ-ի համար վարկավորման հասանելիությունը սահմանափակ է, ապա ինչպե՞ս կարող է վարկավորման խթանմանն ուղղված քաղաքականությունը համարել հաջողված: Թե՞ ՎԶԵԲ-ի համար հաջողված է համարվում այն, ինչը որ չի հաջողվում: Ավելին` կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը հաջողված համարելը հակասում է ՎԶԵԲ-ի երկու այլ արձանագրումներին, այն է` 2009թ. Հայաստանը ՀՆԱ էականորեն ավելի մեծ անկում, իսկ 2010թ.` էականորեն ավելի ցածր աճ է արձանագրել, քան «ՎԶԵԲ տարածաշրջանի» երկրների (թվով 61 պետություն) համապատասխան միջին ցուցանիշներն են: Այսպես, այդ 61 երկրներում 2009թ. արձանագրվել է միջինը 5.2% անկում, ՀՀ-ում` 14.4% անկում, իսկ 2010թ. տարածաշրջանում արձանագրվել է 4.2% աճ, ՀՀ-ում` 2.6% աճ: Հիմա մեկը լինի հարցնի այս եվրաչինովնիկներին (եվրայոնջաներին` ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը)` անհաջող հակաճգնաժամային քաղաքականությունը էլ ո՞նց է լինում: Միգուցե այս դեպքո՞ւմ էլ են իրենք «թարս» հասկանում, եւ եթե մեր ցուցանիշները մի երկու անգամ լավը լինեին 61 երկրների միջին ցուցանիշից, ապա ՎԶԵԲ-ը «անհաջող» կհամարեր մեր կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը: Մի խոսքով, նման հակասությունները այս հաշվետվությունում բազմաթիվ են: Բայց եզրակացությունը մեկն է` եվրաչինովնիկներին երբեք չարժե լուրջ ընդունել: Նրանք սովորական մարդիկ են, որոնք ուզում են հնարավորինս քիչ աշխատելով եւ առանց գլուխ ցավեցնելու հնարավորինս շատ աշխատավարձ (եւ ոչ միայն) ստանալ:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ
Просмотров: 177 | Добавил: hayruni88 | Теги: EVRARASIZM TE EVRAANTARBERUTYUN???? | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: