Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Ադրբեջանում զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Վերջինս նշել է, որ հայկական կողմն էլ Ադրբեջանին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւին, ով շուրջ 10 ամիս առաջ ապօրինի հատել էր ՀՀ սահմանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները»,- նշեց Կարապետյանը:
Նշենք, որ գերու հանձնումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին ժամը 12-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում:
NEWS.am